«Ինձ խոստացիր». Արմեն Աշոտյանն ակնկալում է, որ իր ստեղծագործությունը հավանության կարժանանա
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինձ խոստացիր». այս վերնագիրն ունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նոր երգը, որը յուրահատուկ նվեր է հայ կանանց և աղջիկներին: Հիշվող, պարզ, բայց ոչ պարզունակ, զգացմունք արթնացնող երգ. այսպես է իր ստեղծագործությունը բնորոշում ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը հույս ունի, որ կանայք և աղջիկները կգնահատեն իրենց կատարած համեստ աշխատանքը և այն ջանքերը, որ գործադրվել են երգի միջոցով հաճելի րոպեներ պարգևելու համար:
«Ինչպես յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, իհարկե, ակնկալում եմ, որ ստեղծագործությունը հավանության կարժանանա: Եթե ոչ բոլորի կողմից, որովհետև ինձ քիչ են հայտնի պատմությունները, երբ էստրադային երգերը հավանության են արժանանում բոլորի կողմից, ապա գոնե մեծամասնության՝ հատկապես այն մարդկանց կողմից, ում համար այդ երգը ստեղծվել է, կանանց և աղջիկների»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարար Աշոտյանը փաստում է՝ երգի վրա աշխատող ստեղծագործական խումբը շատ պրոֆեսիոնալ էր, իսկ երգչի ընտրությունն՝ անթերի:
«Հայկոն և՛սիրված, ճանաչված երգիչ է, և՛ միաժամանակ ինձ մտերիմ ընկեր: Ուստի կրկնակի եռանդ է գործադրվել, որպեսզի այդ երգը կատարվի այնպես, որ հասանելի լինի յուրաքանչյուր մարդու զգացմունքներին: Արդինի ստուդիայում բարձրակարգ պրոֆեսիոնալներ են աշխատում, և Արման Սահակյանի պրոդյուսերությամբ ստացվեց նաև համախմբել բոլորի ստեղծագործական ներուժը: Ես էլ իմ համեստ աշխատանքով փորձեցի օգնել, որպեսզի ստեղծվի հիշվող, գուցե պարզ, բայց ոչ պարզունակ, յուրաքանչյուրի սրտում ինչ-որ հետք, հիշողություն, զգացմունք արթնացնող երգ: Ուզում եմ հատուկ շեշտել, որ երգը էստրադային է, հետևաբար իրենց գեղարվեստական արժեքով ո՛չ խոսքը, ո՛չ երաժշտությունը չեն հավակնում լինել բարձրարժեք, բայց, այնուհանդերձ, բավականին անկեղծ եմ եղել ստեղծագործելիս»,-նշեց նա:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ երգը հավանել են իր մտերիմները:
«Կինս, ընտանիքիս անդամները, մեր մտերիմ ընկերները, հենց երգիչը շատ են հավանել, հուսամ, որ երգը կդառնա բոլորի սեփականությունը: Շնորհակալ եմ հետաքրքրության և հասարակական ուշադրության համար: Շնորհակալ եմ նաև քննադատության համար, որովհետև քննադատողներն օգնում են, որ այս երևույթի մասին ավելի շատ մարդ իմանա»,-նշեց նախարարը:
Ապրիլի 7-ից «Ինձ խոստացիր»-ը կհնչի բոլոր ռադիոկայաններով:
«Ծրագրում ենք նաև նկարահանել տեսահոլովակ, հուսով եմ մի 10-15 օրվա ընթացքում պատրաստ կլինի: Երբ երգը լսեք, կհասկանաք, որ այն պահանջում է նաև ռեմիքս՝ ավելի պարային, ռիթմիկ և երիտասարդական տարբերակով: Կարծում եմ, որ կլինի նաև ռեմիքս: Բայց դրա հավանականությունը կախված է երգի հանդեպ հանրային վերաբերմունքից: Եթե երգը սիրվեց իր մայր տարբերակով, մենք կպատրաստենք ռեմիքս: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը: