Վերապրելով Ցեղասպանությունը, անցնելով նացիստական ճամբարներով`Միհրան Մավիյանի կյանքի պատմությունը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրապարակել է Միհրան Մավիյանի կյանքի յուրօրինակ պատմությունը. նա վերապրելով Ցեղասպանությունը` անցել է նաեւ նացիստական վերակենտրոնացման ճամբարներով ու փրկել հրեայի, մասնակցել Դիմադրության շարժմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մավիյանի պատմությունը:

Միհրան Մավիյանը ծնվել է 1900 թ. հուլիսի 26-ին Ադաբազարում: 1915 թ. ամռանը թուրքական իշխանությունները սկսում են Ադաբազարի 25.000 հայ բնակչության կոտորածը և տեղահանությունը: Մավիյանների ողջ ընտանիքը զոհվում է, փրկվում են միայն երեք երեխաները` Միհրանը, քույրը և եղբայրը: 1918 թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո նրանք` 4000 այլ հայերի հետ վերադառնում են Ադաբազար, իրենց տունն ավերված գտնում և ստիպված լինում հեռանալ: Տեղում մնացած 300 հայերը հետագայում կոտորվում են: Դեգերումներից հետո 1923 թ. Մավիյանը հասնում է Ֆրանսիա, հաստատվում Մարսելում և ծավալում ակտիվ հասարակական գործունեություն: Նա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ), 1928 թվականից` Ֆրանսիայի կոմկուսի անդամ էր:

1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներին, Մավիյանը մասնակցում է ֆրանսիական Դիմադրության շարժմանը, անդամակցում ֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանի խմբին: Մավիյանն իր հուշերում գրում է.«1941-ից հետո հիտլերականները նետեցին «բարի նվաճողների» իրենց դիմակը: Սկսեցին հրեաներից, որոնց ստիպում էին կրծքին կրել դեղին աստղ: Այնուհետև նրանց բոլորին` կանանց, տղամարդկանց, ծերերին և երեխաներին հավաքեցին և քշեցին Դրանսի: Այդ ամենն ինձ հիշեցնում էր հայերի 1915 թ. ողբերգությունը»:

Մանուշյանի խմբում կային նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Լեո անունով մի հրեա, ով 1936-1939 թթ. Իսպանիայում իտալա-գերմանական նվաճողների և ֆաշիստների դեմ պայքարող ինտերնացիոնալ բրիգադի նախկին մարտիկ էր: Հստակ էր, որ նրան հարկ էր թաքցնել: Մավիյանը հայկական առաքելական եկեղեցուց վերցնում է ադաբազարցի Լևոն Բասմաջյանի վկայականը, որի հիման վրա պատրաստվում են Լեոյի փաստաթղթերը` որպես Քոնշ քաղաքում կառուցվող գերմանական օդանավակայանի բանվոր: Միհրանը իր գրքում նշում է, որ այդ ջանքերը Լեոն արդարացրեց` դառնալով Մանուշյանի խմբի քաջարի մարտիկներից մեկը:

Սակայն օկուպացված Փարիզում մի խումբ հայ դիմադրողների գործը չէր կարող գերմանական ոստիկանության աչքից վրիպել: 1944 թ. փետրվարի 22-ին ձերբակալվում է Մանուշյանը և իր մի քանի զինակիցների հետ գնդակահարվում Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն-Վալերիանում: Ֆրանսիայի օկուպացման տարիներին այդ նույն վայրում գնդակահարվում է 4500 մարդ: Մավիյանը ձերբակալվում է հաջորդ օրը` փետրվարի 23-ին, բանտարկվում մահվան դատապարտվածների համար նախատեսված «Ֆրենում», որտեղից միակ «ելքը» համակենտրոնացման ճամբարներն էին: Մոտ մեկ ամիս կտտանքների ու հարցաքնությունների ենթարկվելուց հետո Մավիյանը տեղափոխվում է ռազմագերիների և քաղբանտարկյալների համար նախատեսված Կոմպիեն ճամբարը.«Ես այլևս չունեի ո՛չ անուն, ո՛չ ազգանուն, միայն համար` 29063»:

1944 թ. ապրիլի 27-ին Մավիյանին 1800 հոգու հետ միասին տանում են Գերմանիա: Նա տեղափոխվում է հիտլերյան ռեժիմի ամենաարդյունավետ մահվան գործարան Օսվենցիմ, որի դարպասներին գրված էր «Աշխատանքն ազատություն է տալիս» (Arbeit macht Freiheit): Մավիյանը նշում է, որ Օսվենցիմի քարե քառակուսի շինության ծխնելույզից անդադար ելնող ծուխը դարձավ նրա մղձավանջը: Օսվենցիմից Բուխենվալդ, այնուհետև` Ֆլոսենբուրգ, որը«Բուխենվալդի համեմատ դժոխք էր: Այստեղ մտնողը ողջ դուրս չէր գալիս»:Մավիյանը ճամբարում ականատես է դառնում ֆաշիստական անմարդկային վայրագությունների, իր ընկերների` այդ թվում նաև հայ, մահվանը, կրում բազմաթիվ զրկանքներ...

1945 թ. Ֆլոսենբուրգ են բերվում նաև մյուս համակենտրոնացման ճամբարների բանտարկյալները, հրեաներին սպանում են տեղում, մյուսներին` ստիպում քայլել դեպի լեռները: Ապրիլի 20-ին ճամբարը տարհանվում է.«Ես նորից վերապրում եմ պատանեկությանս տարիները` ժողովրդիս տեղահանության ճանապարհը: Ես տեսնում եմ հայերի դիեր, նետված ճանապարհների եզերքներին որպես կեր շնագայլերի և ագռավների համար: Իսկ այժմ քայլում եմ եվրոպական բոլոր ազգությունների պատկանող մարդկանց դիակների կողքով», - գրում է Մավիյանը:

Ամերիկյան զրահամեքենաները մոտենում էին, օդում երևում են ոչ գերմանական օդանավեր: Մավիյանը հասկանում է, որ սարալանջով քայլող բանտարկյալներն այդուհետ հանցագործության վկաներ էին և նրանց սպանությունը պարտադիր պայման էր խուճապի մատնված գերմանացի էսէսականների համար: Եվ փախչում է` մեջքին տանելով ընկերոջը` Բեշարին:

Զոհված ընկերների հանդեպ իր պարտքը նա հատուցում է 1946 թ.: Հունիսի 10-ին մեկնում է Գերմանիա` Դահաու, նախկին համակենտրոնացման ճամբար, որը վերածվել էր դատական ատյանի և ցուցմունք է տալիս Ֆլոսենբուրգի գերմանական հանցագործների դեմ:

Փրկելով հրեա Լեոյին, մասնակցելով Դիմադրության շարժմանը, անցնելով նացիստական համակենտրոնացման ճամբարներով, լինելով ոչ թե մարդ, այլ, պարզապես, համար (Օսվենցիմ` №186060, Բուխենվալդ` №53350, Ֆլոսենբուրգ` №10018), որն անհրաժեշտ էր լոկ թիվը պահպանելու համար, Միհրան Մավիյանը կարողանում է վերապրել, վերադառնալ Ֆրանսիա, հրատարակել իր հուշերը`«Ոճիրի անդրաշխարհէն» (1976 թ.), նախաբանում հույս հայտնելով, որ այն կդառնա հուշարձան հիտլերյան մահվան ճամբարներում հրկիզված իր ընկերների և գերեզմանաքար` հոր` Մինաս Մավիյանի համար, ով այդպես էլ գերեզման չունեցավ:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը