Շոու բիզնես

Մարիամ Մերաբովան ուրախ է Արցախում և Հայաստանում հանդես գալու համար

4 րոպեի ընթերցում

Մարիամ Մերաբովան ուրախ է Արցախում և Հայաստանում հանդես գալու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Մարիամ Մերաբովան ուրախ է, որ համերգներով հանդես է գալու Արցախում և Հայաստանում: Ռուսական հեղինակավոր «Գոլոս» նախագծի մասնակիցը Արցախում բարեգործական համերգ կունենա, այնուհետև կվերադառնա Երևան՝ հաներգի:

Մերաբովան ապրիլի 1-ին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում, ապրիլի 5-ին՝ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ «Մեցցո» ակումբում: Երգչուհու հետ հանդես կգա նաև «Միրայֆ» ջազ-բենդը, որի գեղարվեստական ղեկավարը նրա ամուսին Արմեն Մերաբովն է:

Համերգի կազմակերպչներից «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը նշեց, որ բարեգործական համերգն անցկացվում է Արցախի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

«Մենք ցանկանում էինք այս համերգներն հենց ապրիլին իրականացնել, որպեսզի Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հնչեն նաև մեր տաղանդավոր հայրենակիցների ձայները: Այնպես է ստացվում է, որ ապրիլին հնչում է Հայաստանի ձայներից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էմիլ Կարատը:

Մարիամ Մերաբովան ընդգծեց, որ ուրախ է հանդես գալ Հայաստանում, և հավելեց, որ նույնիսկ չէր երազում հանդես գալ Օպերային թատրոնում:

«Այստեղ եմ ապրել. ինձ համար շատ կարևոր և յուրահատուկ տեղ էր: Առաջին անգամ չեմ Օպերային թատրոնի բեմում, բայց առաջին անգամ եմ մենահամերգով հանդես գալու: Գիտեմ, թե ինչ հանդիսատես է այստեղ, շատ եմ հուզվում»,- հայտնեց երգչուհին: Նրա խոսքով` համերգի ընթացքում, որպես անակնկալ, կատարելու է Արթուր Գրիգորյանի հայերեն երգը:

Մերաբովան մինչև ռուսական հեղինակավոր «Գոլոս» նախագծին մասնակցելը մի քանի անգամ հանդես է եկել «Եվրատեսիլ մրցույթում՝ որպես բեք-վոկալիստ: «Գոլոս»-ի մասին մեծ ոգևորությամբ է խոսում` նշելով, որ շատ ուրախ էր աշխատել Լեոնիդ Ագուտինի հետ: «Նրա թիմը շատ ուժեղ էր: Ընդհանրապես, չէի սպասում, որ մինչև եզրափակիչ կհասնեմ: Ագուտինը շատ է օգնել ինձ: Առաջին վոկալ մրցույթն էր իմ կյանքում: Ես շատ էի հուզվում, անհանգստանում: Մրցույթին ֆանտաստիկ մասնակիցներ էին ելույթ ունենում»,- հավաստեց Մերաբովան: Երգչուհին չի բացառում, որ հանդիսատեսը կտեսնի նրան մեկ այլ նախագծում:

Երգչուհու ամուսինը՝ Արմեն Մերաբովն էլ նշեց, որ հայ հանդիսատեսը շատ գրագետ և պահանջկոտ է: Արմեն և Մարիամ Մերաբովները մեծ ցանկություն ունեն իրենց երեխաներին էլ բերել Հայաստան:

Արցախյան և երևանյան համերգների ընթացքում կհնչեն թե՛ հայտնի, թե՛ նոր ստեղծագործություններ: Ստեփանակերտում Մերաբովան հանդես կգա նաև վարպետության դասով, որին կկարողանան մասնակցել երաժշտական ուսթումնական հաստատությունների աշակերտներն ու ուսանողները:

Ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան ծնվել է 1972 թվականին Երևանում: Մանկուց ապրել է երաժշտական միջավայրում. Մերաբովայի տատիկը նվագում էր դաշնամուր և երգում ռոմանսներ: 5 տարեկանից Մարիամը սկսեց հաճախել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, այնուհետև ուսումը շարունակեց Մոսվայի Գնեսինների անվան դպրոցում՝ դաշնամուրի դասարանում: Մի քանի տարի անց տաղանդավոր երգչուհին ընդունվեց Գնեսինների ուսումնարանի էստրադա-ջազային ֆակուլտետի վոկալ բաժինը: 1998 թվականին Մարիամն իր ապագա ամուսնու և ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսում է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվեց «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: «Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում