2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իր հաջողություններից մեկը համարում է Ավրորա Մարդիգանյանի կերպարի հանրահռչակումը և ներկայացումը բարձր մակարդակով՝ ի դեմս «Ավրորա» մրցանակի: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Ուրախ ենք, որ մեր գաղափարները և խորհուրդները իրագործվում են, ինչի շնորհիվ Ավրորա Մարդիգանյանի ողջ ժառանգության և ուղերձների ներկայացումը հաջողվել է հասցնել ավելի բարձր մակարդակի: Դուք տեսաք, որ Նյու Յորքում ստեղծվեց արդեն հայտնի մրցանակը՝ «Ավրորա անունով»: Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի և IDeA հիմնադրամի հետ մեր համագործակցության շրջանակներում երկու տարի տևած բանակցությունների և խորհրդակցությունների արդյուքում ընդունվեց մեր առաջարկը` շեշտը դնել Ավրորա Մարդիգանյանի կերպարի վրա», - տեղեկացրեց Հայ Դեմոյանը:
Թանգարանի տնօրենի խոսքով` մրցանակաբաշխության համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տրամադրել էր բազմաթիվ լուսանկարներ Ավրորա Մարդիգանյանի հավաքածուից:
«Ավրորա Մարդիգանյանի պատմությունը մենք շեշտադրում ենք` Հայոց ցեղասպանության պատմությունը մեկ անձի և մեկ ճակատագրի միջոցով ներկայացնելու համար: Արդեն հասանելի է Ավրորա Մարդիգանյանի հուշերի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները»,- հայտնեց Հայկ Դեմոյանը: Նա հավելեց, որ մոտ օրերս լույս կընծայվի գրքի նաևֆրանսերեն հրատարակությունը, որի տպագրությունը հնարավոր եղավ իրագործել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի միջոցով: