Հասարակական

Հայ գաղթական կանայք՝ ավանակի դիակի շուրջ. լուսանկարի պատմություն

2 րոպեի ընթերցում

Հայ գաղթական կանայք՝ ավանակի դիակի շուրջ. լուսանկարի պատմություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում էբացառիկ մի տեսարան. թե ինչպես են սովի մատնված և ամիսներ շարունակ խոշտանգումների ենթարկված հայ գաղթական կանայք խմբվել սատկած ավանակի դիակի շուրջ:

Այս լուսանկարն արվել է 1916 թվականին Սիրիայում գտնվող Հորանի շրջանում: Լուսանկարի հեղինակը Հասան Ամջան է, ով Ջեմալ փաշայի կողմից նշանակվել էր հայ բռնագաղթյալների տեսուչ: Նա անձամբ զբաղվել է տեղահանված հայերին Սիրիայում ու Լիբանանում վերաբնակեցնելու գործով:

Այս լուսանկարը վկայում է հայ բռնագաղթյալների օրհասական կացության մասին: Մարդիկ իրենց քաղցն ու ծարավը հագեցնելու համար դիմել են աներևակայելի քայլերի. գրանցվել են նաև մարդակերության դեպքեր: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հասան Ամջան լուսանկարչական սարքով մոտեցել է նրանց՝ այդ տեսարանը լուսանկարելու, նրանցից և ոչ մեկը ուշադրություն չի դարձրել, հայացքը չի բարձրացրել ու նայել նրա ուղղությամբ:

Այս լուսանկարը հետագայում Հասան Ամջան հանձնել է հայերի զանգվածային ոչնչացման գործը քննող Նեմրութ Մուստաֆա փաշայի գլխավորած արտակարգ ռազմական դատարանին՝ որպես ապացույց Օսմանյան կայսրության հայ բնակչության հանդեպ կատարվող ոճրագործության:

Նրանք սնվում էին իրենց քակորով,

Խոտ ու արմատով, լեշով ձիերի.

Մինչ լափում էր քաղցը վերջին կայծ, կորով...

Սփռելով երկրին մոխիր դիերի:

Արմին Թեոֆիլ Վեգներ

1915-16թթ. օսմանյան բանակում ծառայող գերմանացի սպա

Հայոց ցեղասպանության ականատես

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում