Հասարակական

Պատգամավորները կողմ են Ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ունեցողների պարգևատրումը սահմանող օրինագծին

2 րոպեի ընթերցում

Պատգամավորները կողմ են Ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ունեցողների պարգևատրումը սահմանող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են նաեւ օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում: Օրենքի նախագծի նպատակն է նաև Երախտագիտության մեդալով պարգևատրվողների ցանկում ավելացնել այն անձանց, ովքեր Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ակնառու ծառայություն են մատուցել: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր Հայ դատի պայքարին աջակցում են ոչ թե իրավական, այլ բարոյական և քաղաքական առումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 112, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Նախաձեռնությունն ամբողջությամբ ներառում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ՀՀ ԱԺ-ի կողմից իրականացվող միջոցառումների շարքը:

Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի նպատակով Հայաստանի բարեկամ պետությունների խորհրդարաններում, գիտական կազմակերպություններում, հոգևոր աշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և ազատությունների համար պայքարող տարբեր անհատների եւ կազմակերպությունների նկատմամբ Հայաստանի համապատասխան վերաբերմունքը օրենքով սահմանված կարգով ամրագրելուն և Հայաստանի Հանրապետության անունից շքանշաններով և մեդալներով պարգևատրելուն:

Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում իրենց ներդրումն ունեցած նախկինում էլ անձինք պարգևատրվել են, սակայն դա երբեք օրենքով ամրագրված չի եղել: Նախագծի նպատակն է Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվողների ցանկում ավելացնել այն անձանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման եւ ժխտողականության դեմ պայքարում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում