Կարծիքներ

Նախագահը մեդիա-համաժողովն օգտագործեց ՀՀ-ին հուզող հարցերին միջազգային հնչեղություն տալու համար. փորձագետ

3 րոպեի ընթերցում

Նախագահը մեդիա-համաժողովն օգտագործեց ՀՀ-ին հուզող հարցերին միջազգային հնչեղություն տալու համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, օգտագործելով հանգամանքը, որ «Արարատի ստորոտին» մեդիա-համաժողովին ներկա էին ավելի քան 35 երկրների 160 լրագրողներ, բարձրաձայնեց հարցերի շրջանակ, որոնք այսօր հետաքրքրում են Հայաստանին, դրանց տրվեց միջազգային հնչեղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանըˋ վերլուծելով ՀՀ Նախագահի ելույթը համաժողովի ժամանակ:

Քաղաքագետի գնահատմամբˋ այդ քայլը Հայաստանին մտահոգող խնդիրները միջազգային հանրությանը հասցնելու բավական կարճ և դյուրին ճանպարհ էր: «Բացի այդ, շուտով սպասվում է ՌԴ Նախագահի այցը Երևան, ուստի, կարծում եմ, որ այդ այցից առաջ նպատակ կար բարձրաձայնելու որոշ հարցերի մասինˋ փակելով դրանք շրջանցելու հնարավոր ուղիները ՌԴ-ի համար»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: Նրա համոզմամբˋ Հայաստանը հետևողական է լինելու Ադրբեջանինռուսական զենքի մատարակարարումը դադարեցնելու իր պահանջի հարցում, և այդ խնդիրը լինելու է երկու նախագահների քննարկման օրակարգում:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն իր հերթին ՀՀ Նախագահի հայտարարությունը բավական զգուշավոր, սակայն հասցեական որակեց: Ըստ նրաˋ ելույթի առանցքային մասերից մեկն այն էր, որ Սերժ Սարգսյանը ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին խնդիր անվանեց, որը լուծում է պահանջում: «Սա խնդիր է և լուծում է պահանջում: Լուծումը լինելու է բավական բարդ»,- ասաց փորձագետը: :

Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ` մեկնաբանելովՍերժ Սարգսյանի հայտարարությունը, նկատեց. «Հետխորհրդային տարածաշրջանում զենքի մատարակարարողը Ռուսաստանն էˋ նաև Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում: Իհարկե, այս ուղերձն ուղղված էր Ռուսաստանի, և ՌԴ-ում շատ լավ են հասկանում դա, սակայն հայ-ռուսական հրաբերությունները պատբերաբար ներառել են այդ բաղադրիչը»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա- համաժողովումˋ անդրադառնալով Հայոց ցեղասպանության, ԼՂ հակամարտության, Մերձավոր Արևելքում տիրող իրադրության հետ կապված խնդիրներին: Պատասխանելով լրագրողների հարցին` Նախագահը նշել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին: «Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով»,- նշել է Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում