Հայոց ցեղասպանության 45 վերապրածների պատմությունն ու լուսանկարները` մեկ գրքում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը հանրության դատին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարների գիրք-ալբոմը: Տարիների աշխատանք է պահանջվել, որպեսզի լուսանկարիչը հավաքագրի Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող 45 վերապրածների անձնական պատմությունները, լուսանկարչական սարքի միջոցով արձանագրի սարսափի դրոշմը նրանց աչքերում:

130-140 էջի սահմաններում նախատեսվող գիրքը կլինի երկլեզու` հայերեն և անգլերեն: Այն կլինի նկարազարդ` յուրաքաչյուր պատմություն կզուգորվի վերապրածի լուսանկարով, որն էլ արտացոլում է ժամանակի հետ հերոսի հարաբերությունը: Գրքի նախաբանը կհեղինակի փիլիսոփա Մարկ Նշանյանը, լուսանկարների խմբագիրը, կինոգետ Վիգեն Գալստյանն է:

«Տարբեր շրջաններում ապրող վերապրածների եմ այցելել, գյուղեր էի գնում, պատահում էր, որ յոթ գյուղ գնում էի ու ոչ մեկ ողջ չէր լինում: Ամբողջ ճանապարհին լաց էի լինում: Ամեն անգամ, երբ մեկին կորցնում էի վերապրածներից, անասելի ցավ էի զգում: Տխրում էի ոչ թե նրա համար, որ կորցնում էի հերթական մարդուն, ում պիտի նկարեի, այլ ինչպես ինձ հարազատ մարդու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ լուսանկարիչը:

Երբ գտավ առաջին վերապրածին ու նկարեց, չէր մտածում, որ հետագայում ականատեսներին նկարելը դառնալու է իր նախագիծը, որի վրա ներդնելու է ոչ միայն ժամանակ ու այլ ռեսուրսներ, այլև մեծ հուզական ապրումներ:

«Մեկ անգամ հասա գյուղ, հասցեն գտա, տան դիմաց կանգնել, սպասում էի` մտածում` ինչպես մտնեմ տուն, ինչ խոսեմ, մեկ էլ մի ավտոմեքենա կանգնեց, դագաղ հանեցին: Ես խառնվեցի, հարցնում էի, թե ով է մահացողը ու ասացին այդ կնոջ անուն-ազգանունը, ում փնտրում էի: Գնացի նստեցի մեքենան, որ հետ վերադառնամ, շատ վատ էի զգում, լաց էի լինում: Շարժվել էինք արդեն, բայց մտքովս ինչ-որ բան անցավ ու վարորդին խնդրեցի, որ հետ գնանք այդ կնոջ տուն: Ես հասկացա, որ կարևոր է ցույց տալ, որ այդ մարդիկ մահանում են, այսինքն` նրանք հավերժ չեն` չնայած 100 տարի ապրել ու դեռ ապրում են, որովհետև ասելիք ունեն: Ես հասկացա, որ այդքան տարի այդքան ասելիք պահելով, լռություն պահելով, իրենք ինչ-որ բանի էին սպասում»,-փաստեց լուսանկարիչը:

Ուշագրավ է մյուս պատմությունը, որ պատահել է լուսանկարչի հետ մեկ այլ վերապրածի փնտրելիս. «Գտա մի վերապրածի, ով հիշողությունը կորցնում էր անընդհատ: Հենց ներս մտա իրենց տուն, ասաց` ես գիտեի, որ դու կգաս, ես գիտեի: Ես խառնված չգիտեմ ինչ ասեմ, ասում է` դու այն ֆրանսիացին ես, որ ինձ փրկեցիր, նավը նստացրիր, ձեռքերս համբուրում է, ասում է դու ինքն ես, չէ: Նայում եմ տանեցիներին, հասկացնում են, որ ասեմ` այո: Ասում եմ` հա, ես ինքն եմ: Անընդհատ ձեռքերս համբուրում է ու ասում` եթե դու ինձ չփրկեիր, ես ողջ չէի մնա»:

Նազիկ Արմենակյանի խոսքով` նախագծի արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը վկայությունն է ոչ միայն այդ մարդկանց գոյության, այլև Հայոց ցեղասպանության փաստի: «Եթե այդ մարդիկ չփաստեն, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են, ուրիշ էլ ով պիտի փաստի: Մի շարք կարևորություններ առաջ եկան, ու ես հասկացա, որ շատ կարևոր աշխատանք եմ կատարում, որը պետք է համախմբել մի տեղում: 100-րդ տարելիցը շատ լավ առիթ է ներկայացնելու գիրքը, քանի որ կան շատ պատմություններ, որոնք երբեք չեմ հրապարկել ֆոտոների հետ»,-նշեց Նազիկ Արմենակյանը:

Լուսանկարիչը, ներկայում աշխատելով գրքի վրա, ունենալով բացառիկ պատմություններ, միևնույն ժամանակ նշում է, որ ժամանակին թույլ է տվել նաև բացթողումներ: «Ես կարող էի հենց սկզբից իրենց ձայնագրել, վիդեոներ անել, որովհետև այն ձայնագրություններն ու լուսանկարները, որ ունեմ, ունիկալ են: Այդ մարդիկ այլևս չկան, էլ չեն կարող վկայել: Իրենք էլ են արխիվ դարձել: Սկզբում, երբ նկարում էի, մտածում էի, որ մարդու անցած ճանապարհն եմ ցույց տալիս` ցուցադրելով իր երիտասարդությունն ու այն, ինչ այդ պահին էր: Բայց ժամանակի հետ հասկացա ունեցածս նյութի փաստավավերագրական արժեքը: Ճիշտ է շատ դժվար էր, ամեն անգամ կարծես մահի հետ ես շփվում` հաշվի առնելով նրանց տարիքը, այն խոհերը, որ նրանք կիսում են քեզ հետ, բայց դրանք նաև մեծ ձեռքբերում են ինձ համար»,-շեշտեց Նազիկ Արմենակյանը:

Հայաստանի Հանրապետությունում ներկայում ապրում է Հայոց ցեղասպության 33 վերապրած: «Արմենպրես»-ն իր «Ականատեսը» հատուկ նախագծով անդրադարձել է նրանցից 25-ի պատմությանը` հրապարակելով տեքստային եւ լուսանկարչական հարուստ նյութ:

Լուսանկարները` Նազիկ Արմենակյանի կայքից

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա