Հասարակական

Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը մարտ ամսվա գիրք

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը մարտ ամսվա գիրք

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մարտ ամսվա գիրք է ճանաչում Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը ընթերցողի սեղանին դրվել է հայերեն թարգմանությամբ:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը: Նույն թվականին էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը:

««Հոշոտված Հայաստան» գիրքը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան)՝ Արևմտյան Հայաստանի Չմշկածագ գյուղում ծնված մի դեռատի հայուհու հուշապատումը: Ավրորայի նման հազարավոր, միգուցե հարյուր հազարավոր երիտասարդ հայուհիներ կարող էին պատմել երիտթուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության տարիներին իրենց ճակատագրի, իրենց ապրած սարսափների ու տառապանքների մասին:

Երևի նման պատմություններ այլևս չգտնվեն. տասնյակ հազարավոր աղջիկներ սպանվեցին սիրիական անապատներ տանող ճանապարհներին կամ էլ մինչև իրենց կյանքի վերջը փակված մնացին մուսուլմանական հարեմներում: Կարդալով Ավրորայի պատմությունը՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել մյուսների պատմությունները: Անկասկած, դրանցից յուրաքանչյուրը կարող էր ֆիլմի սցենարի հիմք դառնալ:

Երիտասարդ հերոսուհի Արշալույս-Ավրորան դարձավ այն սերնդի խորհրդանիշը, որը պայքարում էր մահվան ու բռնության դեմ, իսկ հետագա սերունդների համար՝ մարդկային անկոտրում կամքի և չարին հաղթելու վճռականության մարմնացում»,- գրքի նախաբանում գրում է պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կընտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում