«Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի է. կայացավ «Don’t deny» երգի պրեմիերան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի է, քիչ առաջ կայացավ «Don’t deny» երգի պրեմիերան: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված եւ ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքիՀասարակայնության հետ կապերի բաժնից, հենց նա այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին՝ Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան: Միմյանցից տարբեր ոճերով 6 երգիչներին միավորում են երաժշտությունն ու արմատները, սերն ու համերաշխությունը:

Մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա «Don’t deny» երգով, որը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

«Genealogy» խմբի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները:

Տեսահոլովակում որպես կապող օղակ ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու պահպանման գաղափարի հետ:

Տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանի խոսքով՝ ստեղծագործական խմբին հատկապես ոգեշնչել է խմբի անունն ու տարբերանշանը` կենաց ծառը, որը միստիկ, խորհրդավոր ու տարածված տարբերակով փորձել են ստանալ տաղավարի տեսքով: «Ինչպես խմբի 6 հայ մասնակիցներն են աշխարհով մեկ սփռվել, այնպես էլ ծառի ճյուղերն են պատեր դարձել ժամանակի ու սերունդների միջեւ: Սակայն ո՛չ տարածությունը, ո՛չ դժվարությունները չեն կարող խոչընդոտ դառնալ, երբ մարդիկ ցանկանում են լինել միասին»:

Տեսահոլովակի ոճաբան Արմեն Գալյանը փորձել է զուգակցել եվրոպական եւ հայկական նորաձեւության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ: «Երբ ասում ես genealogy, անմիջապես մտքիդ գալիս են ռետրո լուսանկարներ, կենաց ծառ: Տեսահոլովակի համար ստեղծվել են եւ օգտագործվել այսօր նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով, փոքր-ինչ գոթական, նաեւ հայկական ավանդական հագուստներ, որոնք ամբողջական են դարձել հայկական արծաթագործության նմուշներով: Ինչպես նաեւ օգտագործվել են մեր մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության նախշերով կրծքանշաններ, որոնք այսօր նույնպես շատ արդիական են»,- նշել է նա:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ բացի խմբի անդամներից, տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաեւ հայտնի դերասաններ, արվեստագետներ: «2 երկարուձիգ, բայց արագընթաց օր տեւեց այս ամենը նկարահանելը, քանի որ մեր երգիչները կարճ ժամանակով էին Հայաստանում, իսկ անելիքը շատ էր: Հայաստանում տեսահոլովակների արտադրության պրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ ենք համագործակցել եւ արդյունքը շատ գեղեցիկ է ստացվել: Կարծում ենք, որ այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակներում»:

«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը:

«Don’t deny» երգի տեսահոլովակը՝

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP