Հասարակական

Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում ժխտել Հայոց ցեղասպանությունը. Քրիս Բոհջալյանի հոդվածը` «Բոսթոն Գլոբում»

3 րոպեի ընթերցում

Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում ժխտել Հայոց ցեղասպանությունը. Քրիս Բոհջալյանի հոդվածը` «Բոսթոն Գլոբում»

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ճանաչված գրող, «Մանկաբարձուհիներ» և«Ավազե ամրոցի աղջիկները»բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդված է հրապարակել ամերիկյան «Բոսթոն Գլոբ» օրաթերթի էլեկտրոնային կայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում ժխտել Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ հոդվածում նշում է, որ Գալիպոլիի ճակամարտում Օսմանյան կայսրության հաղթանակի 100-ամյակը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, նշելը խիստ վիրավորական և ակնհայտորեն «մաքիավելիական» քայլ է: «Դա սարսափելի է և խորհրդանշում է թուրքական կառավարության ագրեսիվ և վիրավորական մոտեցումը Հայաստանի հետ հաշտեցման հանդեպ: Սակայն այդ քայլը նաև հարցեր է առաջացնում` որտե՞ղ են լինելու ԱՄՆ ղեկավարները ապրիլի 24-ին»,- գրում է Բոհջալյանը:

Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Թուրքիայի որոշ դաշնակից պետություններ, ներառյալ` Միացյալ Նահանգները, «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործում են տերմիններ, որոնք նվազեցնում են 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված իրադրաձությունների նշանակությունը:

Հեղինակը նշում է նաև, որ կա թուրք հասարակության մի հատված, որը ցանկանում է, որ Թուրքիան առերեսվի իր անցյալին և ընդունի Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործած ոճրագործությունները:

Ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիան հայերի էթնիկ զտումները միաձայն ընդունում են որպես ցեղասպանություն: Թուրքական խորհրդարանի քուրդ անդամ Ահմեդ Թուրքն անցած ամիս միայն ընդունեց իր քուրդ նախնիների մեղավորությունը հայերի ցեղասպանության ժամանակ և ներողություն խնդրեց հայերից «իրենց ձեռքերին եղած արյան» համար:

Հետպատերազմյան Թուրքիայի կառավարությունը 1919 թվականին մեղավոր է ճանաչել ցեղասպանությունն իրականացնողներին «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ և հեռակա կարգով դատապարտել մահապատժի: Սակայն 1924 թվականին հետպատերազմյան երկրորդ կառավարության նշանակումից հետո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն սկսեց վերաշարադրել պատմությունը և կոծկել 1.5 մլն մարդկանց սպանությունը:

«Իրականությունն այն է, որ մոտ մեկ դար թուրք առաջնորդները ֆանատիկորեն աշխատել են կեղծելու պատմական փաստերը»,- նշում է Բոհջալյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության իրողությունը պատմաբանների քննարկման առարկա դարձնելու` նախագահ Էրդողանի առաջարկն այնքան աբսուրդային է, որքան երբ գիտնականների բանավեճի առարկա դարձվի համաշխարհային կլիմայական փոփոխության փաստը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում