Նկարչուհիները Կանանց միամսյակը դիմավորում են խորհրդանշական ցուցադրությամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կին նկարչուհիները վստահ են՝ իրենք կերպարվեստում պակաս հետաքրքիր չեն, քան տղամարդիկ։ Ասվածի ապացույցը նրանք համարում են իրենց գործերը, որոնց մեծ ցուցահանդեսը բացվեց «Հայ Արտ» մշակութային կենտրոնում։ Ցուցադրության թեման կրկին կինն էր՝ իր ներաշխարհով և արտաքին գրավչությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրուցում«Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը պատմեց, որ ավանդական դարձած գարնանային ցուցահանդեսն ամեն տարի ներկայացնում է փորձառու և նոր նկարչուհիներին։ «Կինը՝ կերպարվեստում. սա է մեր կարգախոսը։ Խոսքը գնում է ոչ միայն կտավներում ներկայացված կանանց, այլև նկարչուհիների մասին, ովքեր ևս կանայք են։ Ամեն տեղ կնոջ թողած հետքն է, կնոջ մասնակցությունը հանրային կյանքին։ Ես միշտ նույնացնում են կնոջն ու գարունը, և դա կարելի է նկատել նաև այստեղ՝ ցուցահանդեսում»,- ասաց Շառոյանը։ Նա նաև շնորհավորեց կանանց՝ ցանկանալով որ միշտ ժպտան և ապրեն սիրո մթնոլորտում։
Գեղանկարչուհի Հասմիկ Ավետիսյանի խոսքով՝ ժամանակակից կին նկարչուհիների գործերում կա մեծ իմաստ և խորհուրդ։ «Նրանք այլևս չեն նկարում միայն ծաղիկներ, նրանց կտավներում կան լուրջ մտքեր, լուրջ իմաստ։ Կին արվեստագետների մոտ կա խորը տրամաբանություն»,- նշում է Ավետիսյանը։ Նա վստահ է, որ կանայք արդեն վաղուց իրենց տեղն ունեն արվեստում։ Տղամարդկանցից իրենց տարբերությունը համարում է այն, որ իրենք ունեն ոգեշնչման այլ աղբյուրներ, թեև աշխատանքների վերջնական արդյունքը կարող է նման լինել։ Գեղանկարչուհին ևս իր շնորհավորանքն ուղղեց կանանց՝ մաղթելով, որ նրանք միշտ փորձեն ինքնադրսևորվել՝ անկախ նրանից, դա կլինի արվեստում, թե այլ տեղ։
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացված ցուցահանդեսը բաղկացած էր 2 մասից. երիատասարդ և միջին տարիքի նկարչուհիների մասնակցությամբ: Ներկայացվում է 28 նկարչուհիների ավելի քան 60 աշխատանք: