ՄՕԿ-ը գոհ է «Ռիո-2016»-ի նախապատրաստական աշխատանքներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի նախապատրաստական ընթացքն ուսումնասիրող միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնախումբն ավարտել է եռօրյա այցը Ռիո դե Ժանեյրո: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը լուրջ առաջընթաց է տեսել շինհրապարակներում, տոմսերի իրացման ծրագրում, կամավորականների ուսուցման աշխատանքներում, օլիմպիական կրակի փոխանցավազքի մշակման հարցերում: Այցի ընթացքում հանձնախումբը հանդիպումներ է ունեցել խաղերի կազմկոմիտեի, սպորտի նախարարության, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ: Թոմաս Բախն ասել է, որ այն ամենը, ինչը մեկ տարի առաջ ընդամենը թղթի վրա էր պատկերված, արդեն իրականություն է դառնում: Փոփոխությունը մեծ է և դա հաճելիորեն զարմացնում է:

Հանձնախումբը հույս է հայտնել , որ օլիմպիական կեցավայրերը ժամանակին կհանձնվեն շահագործման և նույնիսկ ընթացիկ մրցաշրջանում դրանցում կանցկացվեն միջազգային ստուգարքային փորձամրցումներ: ՄՕԿ-ի համակարգող հանձնախմբի հաջորդ այցը նախատեսված է առաջիկա օգոստոսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրերի ընթացքում, աշխարհի 205 երկներից, մոտ 10 հազար 500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս:

Հայերեն