Շոու բիզնես

Նիկոլաս Քեյջը Օլիվեր Սթոունի ֆիլմում կմարմնավորի Սնոուդենին

2 րոպեի ընթերցում

Նիկոլաս Քեյջը Օլիվեր Սթոունի ֆիլմում կմարմնավորի Սնոուդենին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլաս Քեյջը կխաղա Օլիվեր Սթոունի ֆիլմում, որը պատմում Է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

Քեյջը մարմնավորելու Է ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակցին: Կինոնկարում գլխավոր դերը կխաղա Ջոզեֆ Գորդոն-Լեւիտը: Ֆիլմում խաղալու են նաեւ Շեյլին Վուդլին, Մելիսա Լեոն, Զաքարի Քուինթոն, Թոմ ՈՒիլքինսոնը, Թիմոթի Օլիֆանթը:

Կինոնկարի հիմքում ընկած են երկու գրքեր՝ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենայի «Ծովահրեշի ժամանակը» վեպը եւ լրագրող Լյուք Հարդինգի «Սնոուդենի ֆայլերը. Աշխարհի ամենափնտրվող մարդու պատմությունը» գիրքը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ֆիլմի նկարահանումներն արդեն ընթանում են Մյունխենում, իսկ ավելի ուշ կշարունակվեն աշխարհի այլ քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորված Է մայիսի 25-ին:

2013 թվականին ԱՄՆ-ում Էդվարդ Սնոուդենին մեղադրանք Է առաջադրվել լրտեսության եւ պետության սեփականությունը հափշտակելու մեջ: Նրա անձնագիրն անվավեր Է ճանաչվել: Սնոուդենը փախել Է Հոնկոնգ, իսկ հետո՝ Ռուսաստան, որտեղ նրան ժամանակավոր ապաստան են տրամադրել, իսկ հետո՝ նաեւ երեք տարվա բնակության իրավունք:

Փետրվարի 22-ին կայացած «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությանը Սնոուդենի մասին պատմող Լորա Փոյթրասի վավերագրական ժապավենը պարգեւ Է ստացել որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում