Հասարակական

«Դեսպան Մորգենթաուի պատմությունը»` փետրվարի գիրք

3 րոպեի ընթերցում

«Դեսպան Մորգենթաուի պատմությունը»` փետրվարի գիրք

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից փետրվարի գիրք է հայտարարվել «Դեսպան Մորգենթաուի պատմությունը»: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՑԹԻ-ից: Այս հուշագրությունը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված և նպատակային իրագործված լինելու հանգամանքը:

Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խորը վերլուծություն` այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով: Բացի այդ, նա նկարագրում է որոշումների կայացման գործընթացը, երիտթուրքերի իշխանական ինտրիգները, ինչպես նաև ընթերցողին ծանոթացնում է գերմանական քարոզչական քաղաքականության հետ, որը Թուրքիային ներքաշեց Առաջին համաշխարհայի պատերազմի մեջ:

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի` ականատեսի և վերլուծողի ճշգրտությամբ շարադրած պատմությունը կարևոր սկզբնաղբյուր է թուրքական ժամանակակից պատմագրության ժխտողական քաղաքականության դեմ:

«Երբ թուրքական իշխանություններն այդ տեղահանությունների կարգադրությունը տվեցին, նրանք տալիս էին ամբողջ ազգի սոսկ մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, իրենց խոսկցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ»,- գրել է նա:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. դրանք Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ են: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և երբեմն անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հունվարին «Ամսվա գիրք» է ճանաչվել Սարգիս Թովմասյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում