Հասարակական

Վիրահայոց թեմի առաջնորդը Բունդեստագի նախագահին է ներկայացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծարգիրը

3 րոպեի ընթերցում

Վիրահայոց թեմի առաջնորդը Բունդեստագի նախագահին է ներկայացրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծարգիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան ժամանած Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահը հետաքրքրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող ծրագրերից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, Վրաստանում Գերմանիայի դեսպան Օրթվին Հենիգի նախաձեռնությամբ Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտը փետրվարի 13-ին հանդիպել է Վրաց Ուղղափառ, Հռոմեական կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների, Հրեական համայնքի րաբբիի և Եզդի համայնքի հոգևոր առաջնորդի, ինչպես նաև Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Գերմանիայի Բունդեստագի նախագահին հետաքրքրել է Վրաստանում կրոնական հանդուրժողականության իրավիճակը, քրիստոնյաների, մահմեդականների, հուդդայականների և այլ կրոնական համայնքների փոխհամագործակցությունը:

Բարձրաստիճան հյուրին ներկայացնելով Հայոց Եկեղեցու և Վիրահայոց թեմի վրացահայությանը հուզող հիմնահարցերը` Վիրահայոց թեմի առաջնորդը նշել է, որ Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների փոխգործակցությունը, իսկ պետության հետ համագործակցությունից թեմն ակնկալում է պատմական իր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում: Բունդեստագի նախագահը հարցրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծարգրերի մասին` նշելով, որ ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին: Նա նաև հավելել է, որ հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին և Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ-թուրքական փոխհարաբերություններին: Բարձրաստիճան հյուրերին հետաքրքրել է նաև, թե Վրաստանի հայ համայնքի որքան մասն է կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Վրաստան գաղթած հայության թիվը:

Սրբազանն իր երախտագիտությունն է հայտնել դոկտոր Նորբերտ Լամմերտին հայ ժողովրդի մեծ վշտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և ներկայացրել, որ հակառակ պատմական իրադարձություններին, Վրաստանում հայ համայնքը հաշտ ապրում է իսլամական համայնքի հետ, չմոռանալով, անշուշտ, պատմության արդարության հիշողությունն ու պահանջատիրությունը: Սրբազանը նշել է, որ վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ և վրացահայությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ և աշխարհասփյուռ հայության հետ իր ձայնն է բարձրացնում արդարության համար:

Թեմի առաջնորդը նաև իր գոհունակությունն է հայտնել վրացական իշխանություններին և կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մշտապես կիսում են վրացահայության վիշտը և կանգնում են հայ համայնքի կողքին:

Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների միջև խառը ամուսնությունների և բազմամշակութային փոխհամագործակցության վիճակագրությունը Վրաստանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում