Կարծիքներ

Գագիկ Ծառուկյանի հույսը նորից ժողովրդին խաբելու, հրապարակ դուրս բերելու վրա է. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանի հույսը նորից ժողովրդին խաբելու, հրապարակ դուրս բերելու վրա է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթը չափազանց կանխատեսելի է համարում: Այս մասին քաղաքագետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հիմա, կարծես, ամեն ինչ իր տեղն ընկավ: Ծառուկյանը վազում է դեմագոգիայի հայկական շկոլայի հայրերի գիրկը: Հիմա նորից կսկսվեն հանրահավաքների շարքերը և մեր «քաղաքական գործիչները» կրկին կհայտարարեն, որ այսօր այստեղ են և ուրախ են, որ այսօր այստեղ են: Հետաքրքիր է, թե այս անգամ ժողովրդին նման հայտարարություններով կերակրելու պաշարը որքան կհերիքի: Մեկ ամի՞ս, երկո՞ւ: Ծառուկյանի այսօրվա ելույթն իր կանխատեսելի լինելու ամենավառ ապացույցն էր: Բոլորը հենց այսպիսի պատասխան էին նրանից սպասում:Մի քիչ պաթոս, մի քիչ մեղադրանք... երկու քիչ սուտ (կյանքում չեմ հավատա, որ նրան նախագահի պաշտոն է առաջարկվել): Եվ այս ամենի համադրությունը ցույց է տալիս, որ մարդ հստակ մշակված ծրագիր չունի. չգիտի ինչ է պետք անել և ամենակարևորը՝ ինչ ռեսուրսներով է պետք անել: Հույսը նորից ժողովրդին խաբելու, հրապարակ դուրս բերելու վրա է: Եթե դրանից ոչինչ էլ չստացվի, գոնե կփորձի ժամանակ շահել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`գրել է նա:

Քաղաքագետը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը աշխատանքի հարուստ հումք ստացավ։ Հրապարակները նրա տարերքն են, ծառուկյաններին ղեկավարելը` հաճույքը։ Եթե ԲՀԿ-ն իսկապես որոշել է հանրահավաքներ կազմակերպել ՀԱԿԿ-ի ու «Ժառանգության» հետ միասին, ապա պարզ է, որ այդ շարժման քաղաքական դեմքը դառնալու է հենց Տեր-Պետրոսյանը։ Հատկապես, որ Ծառուկյանն ինքն էլ գիտակցում է, որ օժտված չէ նման հատկանիշներով։

«Իսկ թե ինչպես է կարողանում ՀԱԿԿ առաջնորդն ընդդիմություն ղեկավարել, բոլորս արդեն տեսել ենք։ Բոլորին հայտնի է նրա ոճը, գործիքակազմը, սխեմաներ գծելու ձեռագիրը, ամբիցիաներն և այլն։ Վստահ եմ` ԲՀԿ-ում նույնպես հասկանում են, որ տապալված գործ է։ Բայց ի՞նչ արած։ Ուրիշ տարբերակներ չունեն։ Գոնե ցույց կտան, որ փորձել են պայքարել»,-նկատում է Մելիք-Շահնազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում