Շոու բիզնես

«Genealogy»-ն մեգա նախագիծ է. Գոհար Գասպարյան

3 րոպեի ընթերցում

«Genealogy»-ն մեգա նախագիծ է. Գոհար Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Genealogy»-ն մեգա նախագիծ է, որի նմանը չի եղել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Այս տարի լինելու է ավելին, և ոչ ամենամյա «Եվրատեսիլ»: Մեր պատվիրակների աշխարհագրությունն այս տարի ավելի լայն է, այն ընդգրկում է 5 աշխարհամասեր: Իսկ ի՞նչը կարող է միավորել աշխարհի տարբեր ծայրերից 6 երիտասարդների: Մեր պատկերացմամբ՝ երաժշտության ու գենի ուժը: «Genealogy»` այսինքն ծագումնաբանություն. մեր բոլոր մասնակիցները ծագումով հայ են և խենթանում են երաժշտության համար»,-նշեց Գոհար Գասպարյանը:

Նրա խոսքով՝ «Եվրատեսիլ»-ին այս տարի Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամները թոռներն ու ծոռներն են այն հայերի, ովքեր 1915-ին կորցրին իրենց տունն ու ընտանիքի անդամներին:

«Նրանք ստիպված եղան պայքարել հայի գենի համար՝ սփռվելով աշխարհով մեկ: Նրանք ունեն 6 ճակատագիր, բայց մեկ պատմություն: Ցավոք, այսօր աշխարհը չի փոխվել ու շատերը նույն ճակատագրի կրողն են: «Genealogy»-ն կերգի՝ «Մի՛ ժխտիր»,-հավելեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը՝ ընդգծելով, որ խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում