Պատգամավորն առաջարկում է վերաիմաստավորել ապրիլի 24-ի հիշողության խորհուրդը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Արագած Ախոյանն առաջարկում է վերաիմաստավորել ապրիլի 24-ի հիշողության խորհուրդը: «Անցել է 100 տարի, և ունենք Ցեղասպանության տարիների, ինքնապաշտպանական կռիվների դեռևս լիարժեք գնահատականի սպասում: Մենք պետք է իրականացնենք առնվազն շեշտադրումների փոփոխություն ու շրջանառության մեջ դնենք այլ բանաձևում և ապրիլի 24-ը դարձնենք «Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական կռիվների հերոսների» հիշատակի օր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ փետրվարի 6-ին կայացած հանդիպմանը հայտնեց նա և հավելեց, որ միայն զոհերի հիշատակումը բերում է թերարժեքության բարդույթների դրսևորումների և Ցեղասպանության հիշողությունը որպես բեռ ընկալելու երևույթների:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում արևմտահայությունը վերածնվում և վերակենդանանում է որպես պահանջատեր, իսկ ՀՀ քաղաքացիների համար բացվում է մի նոր ժամանակաշրջան, որտեղ քաղաքականությունը պետք է հիմնված լինի նոր գաղափարների և ռազմավարության վրա, այլապես կլինեն նոր սխալներ: «Մեզանում պառակտումը, անհեռանկարությունը, բախտախնդրությունը թերևս չեն վերացել: Պետք է դատապարտել Ցեղասպանության կրակի վրա ձեռքեր տաքացնողներին»,- ընդգծեց Ախոյանը:

«Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Հարություն Մարությանը նկատեց, որ ցեղասպանության զոհի բարդույթը հաղթահարվեց Արցախյան հերոսամարտում տարած հաղթանակաների շնորհիվ: «Ես ցանկանում եմ հատուկ նշել մի կարևոր հանգմանք. տարիներ շարունակ խոսելով ապրիլի 24-ի` իբրև Ցեղասպանության զոհերի հիշատակման օր` մենք ինքնաբերաբար այդ օրը ընկալում ենք որպես մեր զոհերի և կորուստների հիշատակի օր, սակայն ես ուզում եմ հատուկ շեշտել, որ մեզ չեն մորթել ոչխարի պես, այլ 1915 թվականին մենք ինքնապաշտպանական մարտեր ենք վարել Վանում, Մուշում, Ուրֆայում, Հաճնում, Սասունում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում»,-նշեց նա` հայտնելով, որ շուտով Հայաստանում միջազգային գիտաժողով է կազմակերպվելու` նվիրված 1915 թվականի Վանի հերոսամարտի հարյուրամյակին և Վան քաղաքի հիմնադրման մասին առաջին հիշատակման տարեդարձին:

Բանախոսները անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակմանը` նշելով, որ այդ հռչակագիրը հետագայում հիմք է հանդիսանալու Թուրքիայից մեր պահանջատիրության ձևակերպման և այն միջազգային հանրությանը ավելի լսելի դարձնելու համար: «Անշուշտ, այդ հռչակագիրը մի քանի քայլ առաջ է, և հիմա պետք է սպասենք, թե հետագայում Հայաստանի ղեկավարությունը իրավական առումով ինչ քայլեր է ձեռնարկելու»,- հավելեց Մարությանը:

2015 թվականի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

Հայերեն Русский

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին