Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հերթական ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան

3 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հերթական ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այն կարծիքին է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությանը, որ եթե իշխանություններն ընդառաջ չգնան ժողովրդի պահանջներին, ապա ժողովրդին ոչինչ չի մնում, քան պահանջել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ԲՀԿ առաջնորդի ելույթին չի հասցրել ծանոթանալ՝ կարծիք հայտնելով, որ ԲՀԿ առաջնորդը կողմնակից չէ արտահերթ ընտրություններին: «Ես կարծում եմ, որ նա պատրաստվում է 2017թ. ընտրություններին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունը, և «Բարգավաճ Հայաստանի» մարտավարությունն էլ այսպիսին է: Համբերեք, և 2017թ. ամեն ինչ կգա իր տեղը, քաղաքական դաշտում կլինեն վերադասավորումներ, ինչը մի մասին կգոհացի, մյուս մասին չի գոհացնի: Բնականաբար, միշտ այդես է լինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀԿ:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե գնդակը իշխանության դաշտում է՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե իշխանություն է, ապա գնդակը պետք է միշտ նրա դաշտում «Իսկ այդ գնդակը խաղարկելու համար իշխանությունն իրականացնում է իր քայլերը»»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե իշխանությունները Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի մեջ որևէ վտանգ չեն տեսնում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այն պահից սկսած՝ ինչ ես Ազգային ժողովում եմ, ընդդիմադիրները միշտ սպառնացել են իշխանություններին: Այսինքն, ի՞նչ է ստացվում, որ իշխանությունը միշտ պետք է վախի մթնոլորտում աշխատի: Ինչի՞ մասին է խոսքը: Իշխանությունն ուղղակի պետք է միշտ զգոն լինի: Վտանգներ միշտ կան, որովհետև տնտեսության մեջ կան խնդիրներ, արտաքին քաղաքականության մեջ կան խնդիրներ, ներքին քաղաքականության մեջ կան խնդիրներ, սակայն. ինչ-որ մեկից վտա՞նգ... Ես չեմ կարծում, որ իշխանությունները նման մտավախություն կունենան: Իսկ վտանգներ, բնականաբար, կան, որոնք պետք է հաղթահարել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում