5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի այս տարվա առաջնությունը շախմատասերներին պահեց լարվածության մեջ մինչև վերջին տուրը: Այս տարվա չեմպիոնը հայտնի դարձավ միայն վերջին տուրի վերջին պարտիայի ավարտից հետո : Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանն այս օրերին արդեն իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ` ծառայելով հայկական բանակում: Կարենի բանակ զորակոչվելու նախօրեին «Արմենպրես»-ը նոր չեմպիոնի հետ զրուցեց անցած առաջնության, շախմատային փիլիսոփայության, շախմատի և հայերի «փոխադարձ սիրո մասին»:
-Շախմատի Հայաստանի առաջնությունն արդեն պատմություն է, իսկ ի՞նչ էր այն քեզ համար:
-Մինչ կմասնակցեի մրցաշարին, ինձ համար հաղթանակը չափից ավելի մեծ հաջողություն էր թվում: Իհարկե, այն իսկապես մեծ հաջողություն է: Թերևս, հաղթանակի պահին չես հասկանում, թե ինչ մեծ գործ ես արել: Մի պահ նույնիսկ թվում է, թե այո, հիմա ամեն ինչ կվերջանա, և նորից կվերադառնաս քո հին առօրյային: Վերհիշելով արածդ, նոր միայն հասկանում ես, թե ինչ եղավ աշխատանքիդ արդյունքը: Լինելով վարկանիշով 4-րդը` մտածում էի` կարող եմ նաև առաջինը լինել, իսկ ինչո՞ւ ոչ: Այս առաջնությանը մասնակցում էին 8 գրոսմայստեր, այդ ժամանակ մտքովս չէր անցնում, թե ով կլինի առաջին տեղում: Ինձ համար առաջնահերթ էր, թե ինչպես կխաղամ յուրաքանչյուր պարտիայում:
-Ովքե՞ր էին քո հիմնական մրցակիցները:
-Մրցաշարից առաջ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և մի քանի այլ շախմատիստներ իմ հիմնական հակառակորդներն էին համարվում: Չէի էլ մտածում, որ Արման Միքայելյան և Շահինյանը առանց շախմատային կոչում ունենալու կարող են պայքարել չեմպիոնության համար: Վստահ էի, առաջնության մեկնարկային տուրերում արդեն հայտնի կլինեն հետագա արդյունքները: Երբ 4 տուրում Արմանն արդեն առաջատարն էր, հասկացա մի բան` նա մեր նոր տաղանդներից մեկն է, ով բացահայտում է իրեն:
-Պատմիր, խնդրեմ, երբ և ինչպես ես սկսել շախմատ խաղալ:
-Շախմատ խաղալ սկսել եմ 6 տարեկանից` մանկապարտեզում: Մանկապարտեզում շախմատի խմբակ կար, ընտանիքիս անդամները ցանկություն հայտնեցին, որ մասնակցեմ այդ խմբակի պարապմունքներին: Պապիկս էր շատ սիրում շախմատը: Երբ նոր-նոր էի խաղալ սովորում, ուժերս չափում էի պապիկիս հետ, իսկ ահա, 8 տարեկանում հաղթում էի նրան:
-Ունե՞ս, արդյոք, սիրելի շախմատիստ, ում պարտիաներն ուսումնասիրել ես, հետևում ես ելույթներին:
-Շախմատիստներին շատ եմ ում սիրում: Մեր շախմատիստ Լևոն Արոնյանի պարտիաները շատ դիտարժան են: Սակայն հստակ մեկին չեմ առանձնացնի, կարող եմ նայել մի խաղ, որը դիտարժան է, բայց հաջորդ օրը նույն կարծիքին չլինեմ: Բայց աշխարհի չեմպիոններից, հին խաղացողներից Միխայիլ Բոտվինիկի շախմատային փիլիսոփայությունն ուրիշ է ինձ համար:
-Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը «շախմատային պաշտպանության» մեծ վարպետ էր, ի՞նչն ես նախընտրում դու:
-Ինձ մոտ ամեն բան կախված է հակառակորդից: Նայում եմ նրա խաղային սխեմային, փորձում հարմարվել նրան: Ամեն ինչ անում եմ, որ տհաճություն պատճառեմ մրցակցիս:
-Հայաստանի չեմպիոնը միանում է հավաքականին: Ի՞նչ ես պատրաստվում «քաղել» հավաքականի անդամներից այս մեկ տարվա ընթացքում:
-Բացի նրանցից ինչ-որ բան «քաղելուց»` փորձելու եմ օգտակար լինել թիմին: Ամեն ինչ անելու եմ, որ Եվրոպայի թիմային առաջնության ժամանակ միավորներ բերեմ մեր թիմին: Չեմ ուզում այնպես թվա, թե պարզապես մեկը մեզ հետ եկել է մրցաշարին:
-Շախմատիստներից ոմանց համար շախմատը սիրելի զբաղվունք է, ոմանց համար ` աշխատանք : Քեզ համար շախմատը միայն աշխատա՞նք է:
-Իհարկե, շախմատ խաղալիս մեծ հաճույք եմ ստանում, սակայն ժամանակ առ ժամանակ այն դառնում է պարզապես աշխատանք: Երբ փոքր ես, այն խաղ է, պարզապես խաղ, իսկ մեծ տարիքում, երբ մարդիկ սկսում են քեզ ճանաչել հենց շախմատի միջոցով, այդ ժամանակ այն դառնում է աշխատանք:
-Մեզ մոտ շախմատը նույնքան տարածում ունի, որքան ֆուտբոլը` Բրազիլիայում: Ինչի՞ հետ ես դու դա կապում:
-Ազգային գենի մեջ կա շախմատին լավ տիրապետելու ունակությունը: Կարծում եմ, որ շախմատային խոր գիտելիքները կապված եմ նաև հայոց լեզվի հետ: Մեր լեզուն բարդ լեզու է: Շախմատը շատ սիրելը կապում եմ հայոց լեզվի բարդության հետ: Ուրիշ ազգերի լեզուներն ավելի պակաս են բարդ, քան մերը:
Հարցազրույցը վարեց Վարվառա Հայրապետյանը