Սփյուռք

Ստամբուլի հայերը ստացել են Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը

2 րոպեի ընթերցում

Ստամբուլի հայերը ստացել են Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Շիշլի թաղամասում 700 մլն թուրքական լիրա (շուրջ 286 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ պատմական հայկական գերեզմանատան տարածքի սեփականության իրավունքը 80 տարի անց վերադարձվել է Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:

Հայկական պատմական գերեզմանատունը զբաղեցնում է 41 հազար 950 քառակուսի մետր տարածք: Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը Շիշլիի հայկական Գրեգորյան գերեզմանատան տարածքի վերադարձի համար Հիմնադրամների գլխավոր վարչությանը դիմել էր դեռևս 2011 թվականին: Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիմոն Չեքեմը նշել է, որ կայացված որոշումն իրենց շատ է ուրախացրել: Թեպետ նախկինում գերեզմանատան սեփականության փաստաթղթերը չեն եղել հայերի մոտ, սակայն մինչ օրս հենց այստեղ են թաղվել հայկական համայնքի ներկայացուցիչները:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը 2012 թվականին Շիշլիի` 40 հազար 500 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայ կաթոլիկների գերեզմանատունը վերադարձրել էր Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին, իսկ 42 հազար քառակուսի մետր զբաղեցնող մեկ այլ տարածք, որի մեջ է եղել նաև Զեյթինբուրնուի մարզադաշտը, վերադարձրել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում