Իրավունք

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

3 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման` 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնի դարձավ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրած վճռից։

Կալանավորումը հաշվվելու է 2013 թվականի նոյեմբերի 6-ից` դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո:

Տուժող կողմի` ընդդեմ Վարդան Պետրոսյանի ներկայացրած վնասների հատուցման վերաբերյալ քաղհայցերը թողնվել են առանց քննման:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով և պահանջել Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով(ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երկրորդ կմ հատվածին, իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «ՎԱԶ21214» մակնիշի մեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:

Դատավարության ընթացքում տուժող կողմը պնդում էր, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և այդ պատճառով է գերազանցել է թույլատրելի արագությունը։ Վարդան Պետրոսյանը, հերքելով այդ վարկածը, փորձում էր ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի հողածածկ կողնակին, այլ երթևեկելի գոտում։

Մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում