Հասարակական

Երևանում բացվեց լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրին

3 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում,Բայրոնի 1 հասեցեում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ հունվարի 22-ինտեղի ունեցավ Եվրոպայի մեծագույն գրողներից մեկի` անգլիացի բանաստեղծ, մեծ հայագետ և հայ ազգի մեծ բարեկամ լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Հիմնադրման օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ակտիվ մասնակցություն ունի մեր երկրի մշակութային կյանքում և մշտապես աջակցում է տարատեսակ մշակութային ծրագրերի իրականացմանը: Հավատարիմ մնալով ավանդույթներին` իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում բանկը քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը հայագիտության մեջ` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշեց լրացնել նման մեծ գործչի հուշարձանի բացակայությունը: Թեև մեծ գրողի կիսանդրին արդեն մի քանի ամիս է` ինչ պատրաստ է և տեղադրված է Բայրոնի 1 հասցեում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի պատին, դրա բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի ծծնդյան տարեդարձի օրը` հունվարի 22-ին:

«Միգուցե սա միքիչ ուշացած, բայց երկար սպասված միջոցառում էր: Ինչպես գիտեք` մեր բանկը գտնվում է Բայրոնի փողոցի վրա, բայց Բայրոնի որևիցե հուշարձան կամ հուշաքար չկար այս փողոցի վրա, և մենք որոշեցինք, որ այդ բացթողումը պետք է լրացնել»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հատկանշական է, որ Բայրոնի կիսանդրու բացման կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն էր հղել մեծ գրողի ծոռը` լորդ Ռոբին Բայրոնը. «Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Երևանում կենտրոնում` Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվամբ: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին, երևի, իմ հաջորդ այցելության ժամանակ»:Ռոբին Բայրոնի ուղերձը ներկայացվեց միջոցառման պատվավոր հյուրերից մեկի` Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում