Հասարակական

ՌԴ Պետդումայի պատգամավորները Գյումրիում են` հարգանքի տուրք մատուցելու Ավետիսյանների հիշատակին

3 րոպեի ընթերցում

ՌԴ Պետդումայի պատգամավորները Գյումրիում են` հարգանքի տուրք մատուցելու Ավետիսյանների հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներն արդեն Գյումրիում են: Քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորել են ՀՀ Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը: Երեւանից ռուս գործընկերներին Գյումրի էին ուղեկցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Պետդումայի պատգամավորներն ուղեւորվել են «Շիրակ» գերեզմանատուն` հարգելու հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հիշատակը:

Ռուս պատգամավորների խմբում ընդգրկված են «Եդինայա Ռոսիա»-ից խորհրդարանական, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը, ԱՊՀ-ի գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, նույն կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը եւ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում