Մշակույթ

Երգիչ Պատրիկ Շուշայանը պարզաբանել է, թե ինչպես է դարձել Ֆիորի

2 րոպեի ընթերցում

Երգիչ Պատրիկ Շուշայանը պարզաբանել է, թե ինչպես է դարձել Ֆիորի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի երգիչ Պատրիկ Ֆիորին միշտ չէ, որ Ֆիորի ազգանունն է կրել: Նա միայն դեռահաս տարիքում է փոխել իր իսկական ազգանունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ voici.fr կայքը փորձել է պարզել այդ հարցը: Կայքը նշում է, որ Ֆիորին երգչի բեմական կեղծանունը չէ, ինչպես շատ հայտնի արվեստի գործիչների դեպքում է: Մինչև 1983 թվականը երգչի անունը Պատրիկ Շուշայան էր, և նրա ազգանունը հայկական ծագում ունի, քան որ նրա հայրը հայ է: 14 տարեկանում նա փոխել է իր ազգանունը՝ որոշակի պատճառներով:

Պատրիկ Ֆիորին ասել է, որ նրա իսկական ազգանունը խնդրահարույց էր իր ընկերների և ուսուցիչների համար: «Դպրոցում ոչ ոք չէր կարողանում արտասանել իմ ազգանունը՝ Շու-շա-յան: Այդպիսով 14 տարեկանում ես հարցրի հայրիկին, թե նա դեմ չի՞ լինի արդյոք, եթե ես վերցնեմ իմ մայրիկի ազգանունը»,-նշել է երգիչը: Այդ ազգանունն էր «Ֆիորի», որը պատանի Պատրիկը հավանել էր:

«Ֆիորի» իտալերեն նշանակում է ծաղիկ: Սակայն չգիտեմ՝ ինչ է նշանակում Շուշայան»,-հավելել է երգիչը:

Երգիչ, երգահան Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969թ. Մարսելում: Հայրը` Ժակ Շուշայանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին: 12 տարեկան հասակում խաղացել է մյուզիքլում: 17 տարեկանում թողարկել է «Ստեֆանի» սինգլը: 1993թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ֆրանսիան, ուր «Մամա Կորսիկա» երգով գրավել է 4-րդ տեղը: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը: 1997թ. երգել է «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որը 1999թ. ընտրվել է որպես «Տարվա լավագույն մյուզիքլ», իսկ «Belle» երգը դարձել է «Տարվա երգ»: Համագործակցել է շատ նշանավոր երաժիշտների հետ: Հյուրախաղերով մի քանի անգամ եղել է Երևանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում