Դահուկավազքի նոր սերունդը մեծ աճ է գրանցել. հավաքականի գլխավոր մարզիչ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սպորտի պատմության նոր շրջանում դահուկային սպորտի առաջախաղացումը մեծ չէ, սակայն երիտասարդների արդյունքները հուսադրող են: Թեպետ մեր մարզիկները չունեն այն պայմանները, որոնք կան եվրոպական և ամերիկյան դահուկային մարզաբազաններում, սակայն մերոնք մրցունակ են նույնիսկ այս դեպքում: Դահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի կարծիքով, դահուկավազքի վաղվա սերունդը լավն է, իսկ այօրվա երիտասարդները դեռ իրենց խոսքը կասեն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում մարզիչը խոսեց օրերս Ծաղկաձորում ավարտված դահուկավազքի Հայաստանի առաջնության, նոր սերնդի և աշխարհի երիտասարդական առաջնության մասին:
-Ինչպե՞ս եք գնահատում օրերս Ծաղկաձորում ավարտված դահուկավազքի Հայաստանի առաջնությունը և գրանցված արդյունքները:
-Այս տարի վազքուղին բարձր որակի էր, որն իր հերթին նպաստեց բարձր արդյունքների վրա: Սպասվածի պես բարձր արդյունքներ գրանցեցին առաջատարները` Արթուր Եղոյանը և Սերգեյ Միքայելյանը : Նաև ունենք արդեն փոխարինողներ, ովքեր անսպասելիորեն բարձր արդյունքներ ցույց տվեցին: Նոր սերունդը մեծ աճ է գրանցել նաև աղջիկների պայքարում:
-Արդյոք այս արդյունքներով մեր մարզիկները մրցունա՞կ են միջազգային ասպարեզներում:
-Մեր տղաներն իրենց գրանցած արդյունքներով հիմնականում մրցունակ են, սակայն այդ ամենը չի վերաբերում աղջիկներին: Եթե առաջ` մասնավորապես աշխարի երիտասարդական առաջնությունում, Սերգեյը պայքար էր մղում լավագույն տասնյակում, ապա այս անգամ մենք ավելի մեծ ակնկալիքներ և հույսեր ունենք: Ահա Արթուր Եղոյանի վնասվածքը, որն ստացել էր նախորդ տարի ամռանը, իրենն ասում է:
-Հիմնական ուշադրությունը կենտրոնացնում ենք մեծերի վրա, բայց հետաքրքիր է նաև, թե ովքեր են, որ պետք է փոխարինեն ավագներին, ինչ սերունդ է գալիս:
-Նոր սերնդի մարզիկները` 1999-2000 թվականների ծնվածները, դեռ միջազգային մրցաշարերի փորձ չունեն, սակայն հեռանկարայաին են: Տեսնենք ինչ կլինի… Մեկ-երկու տարի անց նրանք ևս իրենց խոսքը կասեն: Նոր սերուդը վստահելի է և հուսադրող, կան տաղանդավոր երեխաներ, սակայն մեծ աշխատանք պետք է տանենք նրանց հետ:
-Իսկ մեր ունեցած պայմաններն արդյոք բավարա՞ր են երեխաների տաղանդը «սպանելու համար»:
-Բնակլիմայական պայմանները շատ լավն են, նույնիսկ մի քանի գլուխ բարձր են միջազգային պայմաններից: Մեր սարերը` մանավանդ, Աշոցքի սարերը ինձ շատ են դուր գալիս: Հենց այս պայմաններում ենք ժամանակին մեծ արդյունքների հասել: Մեզ միայն ներդրումներ են պետք, դահուկուղիներ` ամռանն ասֆալտապատված, մարզասրահներ, միայն դա: Դահուկներ, քսուկներ, ամեն ինչ կա, այս ամենն ապահովելու գործում իր ներդրումն ունի Հայաստանի ֆեդերացիան:
-Փետրվարին սկզբին մեկնարկում է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, ինչպիսի՞ կազմով ենք ներկայանալու:
-Այո, Ղազախստանի Ալմաթի քաղաքում կկայանա երիտասարդների առաջնությունը: Ցավոք, առայժմ կմասնակցի միայն Սերգեյ Միքայելյանը: Տեսնենք` ինչպես ամեն ինչ կդասավորվի: Իհարկե, մենք կպայքարենք միայն բարձր հորիզոնականների համար: Անցած խաղերին 9-րդն էինք, դրանից առաջ 8-րդն էինք, հիմա պայքարելու ենք ավելի լավ արդյունքի համար:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի