Հասարակական

Կոմպոզիտորների միությունն իր զորակցությունն է հայտնել Ավետիսյանների հարազատներին

2 րոպեի ընթերցում

Կոմպոզիտորների միությունն իր զորակցությունն է հայտնել Ավետիսյանների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների ընտանիքի բոլոր հարազատներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միությունից, ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ցավակցական ուղերձ է հղել, որում նշված է.

«2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ոճրագործությունը ցնցեց բոլորիս: Տեղի ունեցածն իր բարբարոսությամբ անըմբռնելի է մարդկային բանականության համար. անմեղ զոհ դարձան Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Այդ սպանդից ողջ մնացած փոքրիկ Սերյոժայի ապաքինման համար ողջ հայ ժողովուրդի հետ մեկտեղ, Հայաստանի կոմպոզիտորների միության բոլոր անդամները սրտի թրթիռով և անկեղծ աղոթքներով 7 օր շարունակ սպասում էին հրաշքի: Ցավոք, հունվարի 19-ին, փոքրիկ Սերյոժան մահացավ: Դատապարտելով տեղի ունեցածը, հուսով ենք, որ բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժն օրենքի ողջ խստությամբ:

Եվս մեկ անգամ ցավակցում ենք Ավետիսյանների ընտանիքի հարազտներին, ողջ հայ ժողովրդին, հայտնում մեր զորակցությունն ու միանում զոհվածների հոգիների հանգստության համար արվող բոլոր աղոթքներին»:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել էր։Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում