Հասարակական

Գյումրին հրաժեշտ է տալիս վեց ամսական փոքրիկին

2 րոպեի ընթերցում

Գյումրին հրաժեշտ է տալիս վեց ամսական փոքրիկին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ողջ մնացած եւ հունվարի 19-ին Երեւանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի աճյունը տեղափոխվել է Գյումրի: Սբ Նշան եկեղեցում հոգեհանգստի արարողություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռեւս առավոտից այնտեղ ժամերգություն է ու չի դադարում մարդկանց հոսքը: Գյումրեցիները հարգանքի տուրք են մատուցում վեց ամսական երեխայի հիշատակին:

Հոգեհանգստի կարգին ներկա են ՀՀ վարչաօետ Հովիկ Աբրահամյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ:

Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին` ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին` «Շիրակ» գերեզմանատանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում