ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը պարզաբանեց հայրենի քաղաքի համար ծանր օրերին համաքաղաքացիների կողքին չլինելու պատճառները: «Ես Հայաստանի ֆուտզալի հավաքականի հետ հունվարի 11-ին մեկնել էի Շվեդիա, քանի որ Հայաստանի ֆուտզալի կոմիտեի նախագահն եմ ու միաժամանակ նաև ղեկավարում էի մեր պատվիրակությունը և այնտեղի մրցաշարը ընկերական բնույթ չէր կրում (Շվեդիայի Սկյովդե քաղաքում տեղի էր ունեցել ֆուտզալի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը և Հայաստանի ֆուտզալի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ-հեղ.), որպեսզի ես հավաքականին թողնեի, գայի Գյումրի և մասնակցեի հուղարկավորությանը»,- լրագրողների հետ հունվարի 20-ին կայացած հադիպմանը հայտնեց նա`պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ նա այս օրերին բացակայում էր Գյումրիից: Նա հավելեց նաև, որ Հայաստան է վերադարձել հունվարի 19-ին:
Պատգամավորը նշեց, որ անընդունելի է համարում որոշ զանգվածային լրատվական միջոցների` հունվարի 19-ին տարածած լուրերը, թե իբր Գյումրիում իրավիճակը ծայրաստիճան լարված է և լրացուցիչ զինվորական ուժեր են բերվել քաղաք: «Պետք չէ գնալ սադրանքների` իրավիճակը ավելորդ շիկացնելու համար, մենք որոշակի աշխատանք ենք տարել և ազգաբնակչության, և Գյումրիում 102–րդ ռուսական ռազմաբազայի հետ և հորդորել ենք գյումրեցիներին պահպանել սառնասրտությունը, իսկ ռուսներին` ուժեղացնել կարգուկանոնը»,-ընդգծեց Ավետիսյանը և հավելեց, որ ներկա դրությամբ Գյումրիում առկա է որոշակի լարվածություն, սակայն իրավիճակը հանգիստ է և ամեն ինչ արվում է, որ իրադրությունը լինի վերահսկելի:
Բանախոսը նկատեց, որ հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո տեղի ունեցած ոստիկանության և ցուցարարների միջև բախումը որոշակի անձանց սադրանքների արդյունք է: «Ես տեղյակ եմ, թե ովքեր են եղել այդ սադրիչերը, սակայն նրանք արժանի չեն, որ ես նրանց անունները բարձրաձայնեմ»,-հավելեց Սուքիաս Ավետիսյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:
Գյումրիի ոճրագործությունից հետո հիվանդանոցում հայտնված ու հունվարի 19-ին Երեւանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի աճյունը կտեղափոխվի հայրենի քաղաք: Փոքրիկի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին` ժամը 18:00-ին Սբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հունվարի 21-ին` ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին` «Շիրակ» գերեզմանատանը: