Հասարակական

Գյումրիի ավագանին ուղերձով դիմել է Գեւորգ Կոստանյանին

3 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանին ուղերձով դիմել է Գեւորգ Կոստանյանին

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի ավագանին հունվարի 19-ին գումարել է արտահերթ նիստ կապված հունվարի 12-ի եւ դրան հաջորդած օրերի իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավագանին նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ: Ավագանու քննարկմանը ներկայացված էր օրակարգային մեկ հիմնական եւ եւս մեկ լրացուցիչ հարց: Օրակարգային առաջին հարցը, որը միաձայն ընդունվեց ավագանու անդամների կողմից` ուղերձն էր` ուղղված Գյումրու բնակչությանը, որում ասված է.

«Հարգելի համաքաղաքացիներ, 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղին ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն եւ զսպվածություն: Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են, որ կրկին պահանջատեր եւ հետեւողական են, որպեսզի կատարված զարհուրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ: Այդ կապակացությամբ ՏԻՄ-երը` համագործակցելով պետական եւ իրավապահ կառույցների հասարակական կազմակերպությունների, լրատվամիաջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու եւ ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ:

Քաղաքապետարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Ստեղծվել է աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ: Հերթապահություն է սահմանվել նաեւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպություններում: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հասարակական կարգի ցանկացած խախտումներ, կասկած հարուցող որեւէ արարք նկատելիս անհապաղ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարին»:

Միաձայն ընդունվեց նաեւ ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված ուղերձը, որում ասված է.

«Հարգելի պարոն դատախազ, 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է ողջ Գյումրին եւ համայն հայությանը: Ողբերգությունն առաջաղրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետեւանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր: Այդ կապակացությամբ ակնկալում ենք ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը եւ թափանցիկությունը, իսկ դատավարությանը տեղի ունենա ՀՀ-ում:

Հուսով ենք` արդարադատությունը կհաղթանակի եւ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ողջ խստությամբ»,- ասված էր ուղերձում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում