Գալիպոլին որպես լակմուսի թուղթ
7 րոպեի ընթերցում
![Գալիպոլին որպես լակմուսի թուղթ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/01/790742.jpg)
100 օր անց, երբ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչելու է դարի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այդ ոճիրն իրականացրած պետությունը տոնախմբություն է կազմակերպելու: Իհարկե, այդ խորհրդանշական օրը այդ պետության ղեկավարության համար երբեք էլ չի եղել ուրիշի ցավը հասկանալու, պատմությունը վերագնահատելու կամ ապաշխարության առիթ: Այս անգամ, սակայն, նրանք տոնելու են անթաքույց ու պաշտոնապես՝ առանց ավելորդ ձևականությունների: Եթե դա այդպես չէ, ինչպե՞ս բացատրել հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ մարտի 18-ին նշված Գալիպոլիի (Չանակկալե) ճակատամարտի հիշատակման օրը թուրքական տոնացույցում տեղափոխվել է ապրիլի 24: Սակայն սա էլ հարցերի հարցը չէ…
Այլևս իրողություն է, որ ժամանակակից Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև Գալիպոլիի ճակատամարտի օրը հիշատակելու արդարացմամբ հայերի ցավը դարձնում է տոնակատարությունների առիթ: Սրա համեմատ ժխտողականությունը թվում է պարզունակ մի խաղ: Այն, որ Թուրքիայի կառավարող վերնախավը բոլոր հնարավոր էպատաժային քայլերն անելու էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, նորություն չէր հայ-թուրքական հարաբերություններից փոքրիշատե գլուխ հանող յուրաքանչյուր մարդու համար: Ցավոք, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ սա կարող է լինել Հայոց ցեղասպանության 100-ամյակից առաջ Անկարայի նորանոր սադրանքների սկիզբը:
Անշուշտ, առավել աներևակայելի էր Էրդողանի հաջորդ քայլը՝ ի թիվս այլ պետությունների ղեկավարների, նա հրավեր ուղարկեց Հայաստանի նախագահին և Երևանից ստացավ զուսպ ու արժանապատիվ, իր մեկուկես միլիոն զավակների սպանդը սգացող, սակայն դեպի ապագա միտված պետության պատասխան: Գալիպոլի գնալու աշխարհի ավելի քան 100 պետությունների առաջնորդներին ուղարկված Էրդողանի հրավերն այլևս լակմուսի թուղթ է և արժեքային ընկալումների յուրատեսակ չափիչ:
Թուրքական պետության համար այս հայտարարությունը նախորդ ապրիլին հայ ժողովրդին առաջարկվող կիսաբերան ցավակցություններ կապկող կոչերի զրոյացումն ու ավարտն է, դիտորդի դիրքերից հանդես եկողների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև փարիսեցիական հավասարության նշանը հանելու հնարավորություն, իսկ մեզ համար՝ Հոմերոսի տողերում ամփոփված այն ճշմարտության ապացույցը, որ գայլերն ու գառները դժվար թե դառնան սրտակից բարեկամներ:
Չանակկալե վերանվանված հունական Գալիպոլիից ոչ հեռու լեգենդար Տրոյայի ավերակներն են: Եվ այդ պատերը տեսել են անտիկ պոեզիայի ոգեշնչման աղբյուր դարձած պատերազմ, որում պարտության պատճառը տոնախմբություն կազմակերպելու համար անառիկ քաղաքի պարիսպներից ներս տարված նվերն էր: Աքեացիների ծուղակը՝ փայտե ձին, որի մեջ թաքնվել էին թշնամու զինվորները, կործանեց Տրոյան և, Վիրգիլիոսի բառերով, դարձավ նախազգուշացում. «Վախեցեք նվերներ բերող դանայացիներից»...
Այժմ ձին Էրդողանի հրավերն է, իսկ ծպտյալ զինվորները՝ մարդկության դեմ գործած հանցանքների ժխտումը խրախուսող այն արժեքային հենքը, որի վրա կառուցված է Թուրքիայի նախագահի կանչը: Ի դեպ, զինվորների մասին... Գալիպոլիի ճակատամարտը տանուլ տալու վտանգը հաղթահարող Օսմանյան կայսրությունը մարտի 18-ից շաբաթներ անց ձեռնամուխ եղավ հայության ամբողջական ոչնչացման ծրագրին:
Էրդողանը հայտարարում է, որ Գալիպոլիի ճակատամարտին մասնակցել են նաև հայերը: Այս պատմական իրողությունը հայտնի է շատերին, սակայն Օսմանյան բանակի հայ զինվորներին հիշելու համար նա սխալ թիրախ է ընտրել նաև այս դեպքում: Չգիտեմ, թե պատմությանը քանի դեպք է հայտնի, երբ պետությունը կազմակերպված ու զանգվածային կերպով ոչնչացնում է իր իսկ բանակում ծառայող զինվորականներին՝ ելնելով բացառապես նրանց ազգային պատկանելությունից, սակայն այն, որ Օսմանյան բանակը իր շարքերում ծառայող հայ զինվորականների գերեզմանը դարձավ, գիտեմ ոչ միայն ես, այլև նույն այդ բանակի պատմությունն ուսումնասիրող իմ բազմաթիվ գործընկերներ: 1914թ. թուրքական բանակ զորակոչված հայերը փուլ առ փուլ զինաթափվեցին և ուղարկվեցին աշխատանքային գումարտակներ, որտեղ էլ դաժանաբար սպանվեցին: Անգամ թուրքական արխիվներն են վկայում, որ պատերազմի ավարտին այդ բանակի տասնյակ հազարավոր հայ զինակոչիկներից ողջ էին մնացել մի քանի հարյուրը:
Հայ զինվորականության ոչնչացումը Հայոց ցեղասպանության փուլերից էր, միջոց, որով հայությանը զրկում էին անգամ ինքնապաշտպանվելու հնարավորությունից: Ապրիլի 24-ին հայ մտավորականների, ինչպես նաև անպաշտպան մնացած կանանց, երեխաների և ծերերի զանգվածային սպանդը հաջորդեց հենց զինվորականության ոչնչացմանը: Այս հանցագործությունն է, որ Անկարան չի ցանկանում ընդունել, այս հանցանքի օրն է, որ, թաքնվելով Գալիպոլիի ճակատամարտի և զինվորականության հիշատակի թիկունքում, ցանկանում է տոնել ՝ անցնելով հայ ժողովրդի հիշողության ոչնչացման առավել մասշտաբյին փորձին: Չգիտեմ, արդյո՞ք այն մարդիկ, ովքեր կգնան Գալիպոլի ( և այդպիսիք կարող են լինել, քանի որ մանրակրկիտ հաշվարկած այս ծուղակը պատրաստվել է առնվազն Բրիտանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ներկայացուցիչներին ժխտողականության մաս դարձնելու ցանկությամբ), հիշելու են, որ հարևան երկրում հենց այդ ժամերին թուրքական կայսրության կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, թե ոչ, բայց այն հազարավորները, ովքեր նույն օրը լինելու են Երևանում, կատարելու են գիտակցված ընտրություն հանուն ապագայի, հանուն մարդու իրավունքների և հանուն հետագա նոր ցեղասպանությունների բացառման:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը դառնալու է հենց այդ մարդկանց մագնիսական ձգողության կենտրոնը: Իսկ Գալիպոլիի ծուղակից խուսափելը շատերի համար դառնալու է լակմուսի թուղթ, որի վրա ամեն ինչ երևալու է պարզ, առանց ավելորդ պաճուճանքների...
Արամ Անանյան
Արմենպրես գործակալության տնօրեն
Պատմական գիտությունների թեկնածու