ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիրահատությունն ըստ ծրագրածի նման բարեհաջող է ավարտվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 20 րոպե տևողությամբ, գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջոցամտությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:
«Վիրահատության ընթացքում բարդություններ չեն եղել: Կատարվել է կողմնային փորոքների արտաքին դրենավորում: Ստացած տրավմայից, հիպոքսիայից հետո առաջացել է ուղեղի շրջանառության խանգարում, գանգի մեջ կուտակվել է ավելորդ ողնուղեղային հեղուկ, որը մեծացնում է ներգանգային ճնշումը, ինչն էլ դառնում է ուղեղի վնասման պատճառ, հանգեցնում է ծանր հետևանքների»,- պարզաբանեց մասնագետը:
Նրա խոսքով` երեխայի կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակն է պատճառ հանդիսացել, որ առաջատար մասնագետները վիրաբուժական միջամտություն կատարելու համատեղ կարևոր որոշում կայացնեն: «Վիրաբուժական միջամտություն կատարելու անհրաժեշտության հարցում մենք միակարծիք էինք: Համոզված եմ աշխարհի ոչ մի այլ լավագույն կլինիկայում ավելին չէր կարող արվել: Այս հիվանդանոցը պատրաստ է ամեն վայրկյան, ամեն հնարավորություն օգտագործելուն, ծանր ռեժիմով աշխատանքին»,- հավելեց պրոֆեսոր Խաչատրյանը: