Հասարակական

Շիրակի թեմի առաջնորդի խոսքը սթափեցրեց գյումրեցիներին

3 րոպեի ընթերցում

Շիրակի թեմի առաջնորդի խոսքը սթափեցրեց գյումրեցիներին

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հավաքվածներին կոչով դիմեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Սրբազան հայրն անդրադառնալով ՌԴ հյուպատոսարանի առջև տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես, վրդովմունքով նշեց. «Մենք միմյանց թշնամի չենք: Տեղի ունեցածից կա 14 վիրավոր, որոնցից 1-ը ծանր, ինչպես նաև 13 ձերբակալված: Սա՞ է մեր պահանջը: Դատախազը հավաստիացնում է, որ ամեն ինչ կանի` մեր պահանջները կատարելու համար: Ձեզնից 90 տոկոսը համաձայնվեց, իսկ 10-ը ջուր պղտորեց և 90 տոկոսը գնաց ջուր պղտորողների հետևից: Դուք ասացիք` Սրբազան խոսի, և Սրբազանը խոսեց...Եթե Սրբազանի խոսքն էիք ուզում լսել, Սրբազանն ասաց, որ Գլխավոր դատախազից հավաստիացում է ստացել, որ դատախազն իր կարողության, ուժերի, հնարավորության, այս իրավաբանական, իրավական հիմքի վրա ամեն ինչ անելու է: Ձեզ դա չբավարարեց: Արդյունքն ի՞նչ եղավ... Չհասկացողների ձայնը կտրեք: Այսօրվա համար այսքանը բավարար է»:

Միաժամանակ, Սրբազանն ասաց, որ միջնորդելու է, որպեսզի բերման ենթարկվածներն ազատ արձակվեն, և կոչ արեց հավաքվածներին ցրվել:

Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին` ոճրագործին հայկական հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց լարվածություն, ինչի հետևանքով 15 անձ, որոնցից 6-ը ոստիկաններ, տեղափոխվեցին հիվանդանոց: Վերջին տեղեկություններով` բոլոր քաղաքացիական անձինք և 3 ոստիկաններ դուրս են գրվել հիվանդանոցից: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կոչ արեցին հանդարտվել հավաքվածներին և վստահեցրին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ու իրենք այժմ ուղևորվելու են ռազմաբազա և հավաստիանալու, որ ոճրագործը գտնվում է Գյումրիում:Ցուցարարները կրկին շարժվել են դատախազության շենք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում