Սերժ Սարգսյանը և Ջեյմս Ապատուրայն ընդգծել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների բնականոն զարգացումը
2 րոպեի ընթերցում
![Սերժ Սարգսյանը և Ջեյմս Ապատուրայն ընդգծել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների բնականոն զարգացումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/01/790456.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, և երկուստեք առկա է ձևավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու և խորացնելու ցանկություն:
Հանդիպման սկզբում Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության և մինչ այժմ ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ ինչպես Դաշինքի, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին, խաղաղապահ բրիգադի կարողությունների ընդլայնմանը Հայաստանի մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է միջազգային խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու և գործընկերությունը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը:
Դաշինքի հետ հետագա համագործակցության խորացման առումով երկուստեք կարևորվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014-2016թթ. նորացված ծրագիրը:
Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: