Իրավունք

Հայաստանի քննիչներն այսօր կհարցաքննեն Պերմյակովին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննիչներն այսօր կհարցաքննեն Պերմյակովին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 6 անձի սպանություն մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայաստանի քննչական մարմինը կանցկացնի համապատասխան բոլոր գործողությունները: «Մենք դեռեւս տվյալ անձին մեր քրեական գործով չենք հարցաքննել, այսօր մեր քննիչները կհարցաքննեն նրան: Թե ինչ ցուցմունք է տվել նա ռուսական օրենսդրությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, ես չգիտեմ եւ չեմ կարող մեկնաբանել»,-Գյումրիում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանանը:

Նա վստահեցրեց, որ քրեական գործին վերաբերող բոլոր առարկաները գտնվում են Հայաստանի իրավապահների իրավազորության ներքո, և վերջիններս կանցկացնեն դրանց փորձաքննությունը: «Փորձաքննությունները նշանակվելու են Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի կողմից` ՀՀ փորձագիտական կենտրոններում, օրենքով սահմանված կարգով: Անկախ նրանից, թե ռուսական կողմը ինչպիսի գործողություններ է իրականացնում, մենք շարունակում ենք քննչական գործողությունները: Քննություն է անցկացվելու նաև ռուսական 102-րդ բազայի տարածքում: Մենք որևէ կերպ չենք բացառում, որ քննության ընթացքում կարող են հայտնաբերվել փաստեր, որոնց հիման վրա կփոխվի կամ կլրացվի մեղադրանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կոստանյանը:

Նա հիշեցրեց, որ Պերմյակովին`որպես մեղադրյալ գործին ներգրավելու որոշումը կայացվել է 6 անձի սպանության և մեկ անձի սպանության փորձի մեղադրանքով: «Դա այս պահին առկա փաստն է, իսկ մյուս փաստերը պարզ կդառնան քննության ընթացքում»,- հավելեց նա: Կոստանյանը պնդեց, որ անկախ քննության ընթացքում բացահայված նոր փաստերից, Պերմյակովը ենթարկվելու է առավելագույն խիստ պատասխանատվության:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Սպանության մեջ կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովն արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Հայկական և ռուսական քննչական մարմինների մասնակցությամբ անցկացվել է նախաքննություն: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում