Հասարակական

Գյումրիում տեղի ունեցած ոճրի շահագործումը ուղղակի անարգանք է զոհերի արյան նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում տեղի ունեցած ոճրի շահագործումը ուղղակի անարգանք է զոհերի արյան նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դեմ գործված ոճրի շահագործումը ուղղակի անարգանք է զոհերի արյան նկատմամբ: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայաստանում չեք գտնի մի քաղաքացու, ով ցնցված չէ Գյումրիում տեղի ունեցածից, չեք գտնի մի քաղաքացու, ով չի ուզում, որ այդ կասկածյալ ստահակը դատվի Հայաստանում: Բայց խնդիրը դիտարկելով իրավական դաշտում` մենք պետք է նվազագույնի հասցնենք մեր զգացմունքները: Մի շարք միջազգային կառույցներ դեռ շատ վաղուց սևեռել են իրենց ուշադրությունը Գյումրիի վրա, շատ լավ գիտեմ, որ Գյումրիում ձևավորվող հասարակական կարծիքի մեջ մեծ լումա ունեն տարբեր ֆոնդեր, որոնց ես դեմ չեմ, բայց հարկ եղած պահին հասարակական կարծիքը չպետք է ուղղորդվի այլ տեղ», - ասաց Արմեն Աշոտյանը:

Կրթության նախարարը հույս հայտնեց, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում, սակայն դա բանակցային գործընթաց է՝ իրավական բազայի շրջանակում:

«Ռազմաբազաների հետ կապված միջադեպերը, ցավոք, անխուսափելի են բոլոր երկրներում: Եթե ուսումնասիրեք, օրինակ, ամերիկյան ռազմաբազաների վերաբերյալ գերմանական մամուլի հրապարակումները, ապա կտեսնեք բազում արտակարգ իրավիճակներ, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում: Կամ նույնը` ճապոնական մամուլում: Սակայն զորամասերում պետք է միշտ պահպանված լինի կարգապահությունը ոչ միայն բարձր պաշտոնյաների այցելության ժամանակ, այլև դրանք պետք է կրեն մշտական բնույթ», - հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի կարծիքով, պետք է առաջ քաշել զորամասերում կարգապահության աստիճանի բարձրացման խնդիրները, փրկված փոքրիկին մաղթել շուտափույթ առողջացում, հարգել անմեղ զոհերի հիշատակը և ոչ թե դեպքը սարքել ազգային մազոխիզմի առիթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում