ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում բացվում Է ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմերի «ԿիՎիՆ-2015» XXVI միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տարի առաջին անգամ մրցութային դիտումների անցկացման եւ գալա-համերգի հեռուստատեսային տարբերակի տեսագրման վայր կդառնա ոչ թե առողջարանի գլխավոր բեմը՝ Ձմեռային թատրոնը, այլ «Գորկի Գորոդ» լեռնադահուկային առողջարանը:
Փառատոնի շտաբում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ձմեռային մրցությանն իրենց մասնակցության մասին հայտարարել են ավելի քան 540 թիմեր Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից:
Փառատոնի մրցութային ծրագիրը կբացվի հունվարի 13-ին՝ թիմերի ելույթների դիտման առաջին փուլով: Մասնակիցներին սպասում Է պայքար տարածաշրջանային լիգաներում վարկանիշների բոլոր տեսակների համար, Ուրախների եւ հնարամիտների ակումբների միջազգային միության պաշտոնական լիգաների մասնակիցների ընտրում, խմբագիրների եւ լրագրողների սեմինար-դպրոցներ, ավանդական հավաքույթներ Ուրախների եւ հնարամիտների ակումբների միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովի հետ:
«ԿիՎիՆ-2015»-ը կավարտվի հունվարի 24-ին եզրափակիչ շոուի հեռուստատեսային նկարահանմամբ, որն, ինչպես խոստանում են կազմակերպիչները, կանցնի նոր ձեւաչափով: