Ժամանակն է Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական դաշտ. թուրքագետ
4 րոպեի ընթերցում
![Ժամանակն է Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական դաշտ. թուրքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/12/788760.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը պետք է ավելի ուժեղացնի աշխատանքներն այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Այս հարցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարեւորում է այն հանգամանքը, որ հարցի միջազգային ճանաչումից պետք է անցում կատարել դեպի իրավական դաշտ եւ իրավական տիրույթում լուծել Հայոց ցեղասպանության հարցը:
«Պետք է կյանքի կոչել «Պահանջում եմ եւ դատապարտում» կարգախոսը եւ այդ առումով ներգրավել նաեւ միջազգային իրավաբանների եւ, ստեղծելով խումբ, միջազգային դատարանում քննել Հայոց ցեղասպանության հարցը: Պետք է կարողանանք մեր պահանջը մոտեցնել իրականությանը միջազգային իրավունքի տեսանկյունից: Պետք է ուժեղացնենք հետազոտական աշխատանքն այս բնագավառում եւ համատեղ հետազոտական աշխատանքի մեջ ներգրավենք արտասահմանցի առաջատար մասնագետների: Այս առումով բավական աշխատելու տեղ ունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, որ միջազգային իրավունքի մասնագետները մեծ նշանակություն են տալիս հեղինակությունների տեսակետներին: «Եթե մենք կարողանանք ոլորտի հեղինակություններին ներկայացնել խնդրի էությունը, համոզված եղեք, որ բարենպաստ հող կստեղծվի իրավական դաշտում այս հարցի լուծման համար: Այս աշխատանքը պետք է արվի, և պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ աշխատանքի: Մենք գործ ունենք Թուրքիայի հետ` երկրի, որը մեծ ռեսուրսներ է ներդնում այդ հարցի դեմ պայքարում, բայց քանի որ ճշմարտությունը մեր կողմն է, մենք պետք է կարողանանք հասնել հաջողության»,- ասաց Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին` Սաֆրաստյանն ասաց, որ 2014թ. Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը եւ Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քայլեր են, որոնք Սփյուռքի եւ հայ դիվանագետների կատարած մեծ աշխատանքի արդյունքն են: Ամփոփելով տարին հայ-թուրքական հարաբերությունների մասով` թուրքագետն ասաց, որ որեւէ փոփոխություն չկա, թուրքական կողմի սկզբունքները մնացել են նույնը, պատճառները` նույնպես:
«Թուրքիայի քաղաքականությունը տասնամյակներ շարունակ մնում է նույնը, այն է` նախապայմաններ առաջադրել եւ Հայաստանի դիվանագիտությունը փոխել: Հայաստանը չի փոխում իր դիրքորոշումը, պետական քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա»,-ասաց Սաֆրաստյանը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրոխորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ