Մշակույթ

Սերժ Սարգսյանն այցելեց «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն այցելեց «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Գաֆեսճեան» արվեստի կենտրոն՝ դիտելու «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսը: Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրվածցուցահանդեսը կազմակերպվել է «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներոում ՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ:

«Քոչարի ծննդյան 115-ամյակի շրջանակներում սա ամենակարևոր միջոցառումներից մեկն է, և «Գաֆեսճեան» թանգարանը իսկապես մեծ նվեր մատուցեց մեծ արվեստագետի հիշատակին, և այստեղ Քոչարի աշխատանքները մի ուրիշ հնչեղություն են ձեռք բերել, որը մեր թանգարանում այդքան տեսանելի չէ, քանի որ մենք ունենք տարածքի խնդիր: Մենք ցանկացել ենք, որպեսզի Նախագահը հնարավորություն ունենա տեսնելու Քոչարի աշխատանքները», - ասաց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Քոչարը:

Մեծանուն հայ արվեստագետի թանգարանի տնօրենը հավելեց, որ ցուցահանդեսը նշանակալի է նրանով, որ կան աշխատանքներ անհատ հավաքածուներից, որոնք շատ հազվադեպ են ցուցադրվում, այդ տեսակետից դրանք լավտեսանելի չեն արվեստասեր հասարակությանը:

«Ցուցադրությանը ներկայացված աշխատանքները մեկնաբանում են Քոչարի ստեղծագործական ոճը, նրա աշխարհայացքը և իր ներդրումը XX դարի առաջին կեսի մոդեռն արվեստի զարգացումների մեջ, որովհետև, 1923-1936 թ. գտնվելով Փարիզում, հայ երիտասարդին հաջողվում է իր տաղանդի շնորհիվ արագ ներգրավվել Փարիզի քմահաճ արվեստային աշխարհ: Այս պահին ցուցադրության շրջանակներում Քոչարի փարիզյան շրջանից ներկայացված է երկու տարածանկար՝ 1927 թվականին ստեղծած «Առաջին մեղսագործությունը» աշխատանքը, որը Քոչարի մինչ օրս մեզ հայտնի առաջին տարածանկարն է, և անվերնագիր տարածանկարը, որն արված է 1929-ին»,- տեղեկացրեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը:

Ցուցադրության շրջանակներում ներկայացված են Քոչարի փարիզյան շրջանից 26 և արդեն Երևանում արված 4 աշխատանքներ, որոնք իրենց ձևակառուցմամբ հանդիսանում են փարիզյան շրջանի շարունակությունը:

Ցուցահանդեսին կից կազմակերպվել է «Քոչարն իմ մեջ» կրթական ծրագիրը` միջին և ավագ դպրոցի աշակերտների համար, որը հնարավորություն ընձեռնեց ավելի քան 400 դպրոցականի ծանոթանալ Քոչարի կյանքին և ստեղծագործական գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում