Նախագահն այցելել է «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի և վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա հիմնված ռուսաստանյան «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների երևանյան մասնաճյուղերի գրասենյակներում, ծանոթացել վերջիններիս բիզնես գործառույթներին և գործունեությանը, աշխատանքային պայմաններին ու իրականացված ներդրումներին: Բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար ստեղծված և տեխնիկապես ու անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լոֆթ»-ի գործունեության մեկնարկի կապակցությամբ անցկացված շնորհանդեսին:

«Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ն և «Մարկետ» ՍՊԸ-ն հանրային ոլորտում ծառայություններ մատուցող ռուսաստանյան ընկերություններ են՝ հիմնված ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա։ «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ.-ին ՌԴ-ում, «Մարկետ» ՍՊԸ-ն` 2011թ.-ին:

Հաշվի առնելով ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժը (համապատասխան մասնագիտությունների մասով՝ ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա), տեխնիկական հմտություններով և լեզուների իմացությամբ մասնագետների առկայությունը, մտավոր սեփականության պաշտպանության համար նախատեսված իրավական դաշտը և երկրում առկա այլ մրցակցային նախադրյալներ՝ երկու ընկերությունների մասնաճյուղերը բացվեցին Հայաստանում (2013թ․-ին՝ «Մարկետ» ՍՊԸ-ի մասնաճյուղը, 2014թ․-ին՝ «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ի մասնաճյուղը)։

Նշված ընկերություններն ստեղծեցին աշխատանքային թիմեր՝ իրենց տեխնիկական գործունեության և բիզնես գործառույթների իրականացման մի մասը տեղափոխելով Հայաստան (օրինակ` բջջային հավելումների և օպերացիոն համակարգերի նախագծման, կոդավորման և թեստավորման աշխատանքները, մարկետինգի, գովազդի, որակի ապահովման և զանգերի կենտրոնները)։ Նշված աշխատանքային թիմերն իրականացնում են ռուսաստանյան շուկայի պատվերները՝ դրանք մշակելով և կառավարելով մեր երկրից։ Ներկայում այս ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում է 224 մարդ:

«Սիթի-Մոբիլ» ընկերությունը տեխնոլոգիական լուծումներով ստեղծված ավտոմատացված համակարգ է, որն ապահովում է ՌԴ-ում՝ մայրաքաղաք Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում գործող տաքսի ծառայության սպասարկման և օն-լայն ամրագրման ընթացքը։ Ըստ «Yandex»-ի վիճակագրության ծառայության տվյալների՝ միայն Մոսկվայում տաքսի ծառայության սպասարկման ոլորտում իրականացվում է 3 մլն պատվեր (մեկ ամսվա կտրվածքով), որի 10%-ը իրականացվում է «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ միջոցով։

Վերոնշյալ ավտոմատացված համակարգը պատվերի ընդունման պահից մինչ պատվիրատուին մատուցած ծառայությունն ավարտելը կանոնակարգվում է մի քանի աշխատանքային փուլերով՝ զանգերի, որակի ապահովման կենտրոնի, մարկետինգի, գովազդի բաժնի միջոցով, որը տեղի է ունենում համապատասխան մշակված ծրագրերի շնորհիվ։ Հայաստանյան մասնաճյուղի տարբեր բաժինների աշխատակիցների ընդհանուր թիվը 63 է (04.12.2014թ.-ի դրությամբ)։

«Մարկետ» ընկերությունը ներկայացնում է շուրջ 700,000 անուն ապրանքատեսակ ունեցող օն-լայն հիպերմարկետ (մանկական պարագաներ, կենցաղային տեխնիկա, համակարգչային տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, սպորտի և հանգստի համար նախատեսված պարագաներ, վերանորոգման, շինարարության, տան ներքին և արտաքին հարդարման պարագաներ և այլն)։

Օն-լայն հիպերմակետի կառուցվածքային և բովանդակային մշակումները հնարավոր են դառնում հետևյալ բաժինների աշխատանքային գործունեության արդյունքում՝ ծրագրավորում, զանգերի կենտրոն, լոգիստիկայի բաժին, ապրանքագետներ, կոմերցիոն բաժին: 04.12.2014թ.-ի դրությամբ աշխատակիցների ընդհանուր թիվը 161 է:

Վերոնշյալ ընկերություններում միջին աշխատավարձը կազմում է 94,000-113,000 դրամ (համապատասխանաբար՝ «Մարկետ» և «Սիթի-Մոբիլ» ընկերություններ)։

Ծրագրավորման ոլորտում հատուկ մասնագիտական գործառույթ իրականացնողները ընկերության հիմնական աշխատակիցներն են, որոնք վարձատրվում են 450,000 դրամ և ավելի։ Նրանք զբաղվում են ինֆորմացիայի հավաքագրումով և օն-լայն հարթակում (կայքում) ապրանքատեսակների համալրումով՝ վարձատրվելով ըստ մատուցած ծառայությունների։

Ընկերության աշխատանքի կազմակերպման մեկ այլ տարբերակ է՝ «ուսում-աշխատանք» համատեղում մոդելի կիրառումը, որը թույլ է տալիս ուսանողներին անցնելու ժամանակավոր աշխատանքի՝ փորձ ձեռք բերելու և ոլորտում հմտանալու համար, որը վարձատրվում է ազատ գրաֆիկի պայմաններով։

Բացի այդ, «Մարկետ» և «Սիթի-Մոբիլ» ընկերությունները համագործակցում են բարձր տեխնոլոգիաների (ծրագրավորման ոլորտ) մի քանի հայկական ընկերությունների հետ՝ որոշակի բիզնես-գործընթացներ կամ արտադրական գործառույթներ հանձնելով համապատասխան բնագավառում մասնագիտացող ընկերությունների սպասարկմանը։

Աշխատատեղերի ստեղծման կադրային քաղաքականության նպատակով ստեղծվել են բազմաթիվ գործնական կապեր ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչի արդյունքում ընկերությունների աշխատակազմի գերակշռող մասն ուսանողներ են։ Մասնավորապես, համագործակցությունն իրականացվում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ (ներբուհական կառույցը` «Կարիերայի կենտրոններ»):

Ընկերությունների զարգացման և հայաստանյան գրասենյակների համալիր աշխատանքներն էլ ավելի ընդլայնելու համար 2015թ. նախատեսվում է ստեղծել (տեղափոխել) ևս 300 աշխատատեղ, որոնք այս պահին գործում են ՌԴ-ում (օպերատորներ, մարկետոլոգներ, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցներ):

«Լոֆթ»-ը («Loft style») ճարտարապետական ոճ է։ Այս ոճին հատուկ են լայնամասշտաբ սրահները, հնարավոր հարմարավետության միջոցների կիրառումը և ազատ տարածության կոնցեպտը։ Այս տարածքները բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար տեխնիկապես և անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած միջավայրեր են։ Ոճի անվան հետ է կապված նաև կենտրոնի «Լոֆթ» անվանումը։

«Լոֆթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014թ.-ի օգոստոսին: Ս.թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ` «Լոֆթ» կենտրոնի համար կատարված ընդհանուր ներ¬դրումը կազմել է շուրջ 100.0 մլն դրամ: Նախատեսված է մինչև 150 անձի համար (միաժամանակյա)։ Հաշվարկված և ապահովված է անվտանգության հակահրդեհային համակարգը։ Ընթացքի մեջ է «Լոֆթ» ՍՊԸ-ի աշխատակիցների ընտրությունը (10 անձ)։

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի ստեղծման նախադրյալ է հանդիսացել «Սիթի-Մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի բացման հանգամանքը: Ընկերությունների աշխատակիցների համար «Լոֆթ» ՍՊԸ-ն հանգստի, ժամանցի և ինքնազարգացման միջավայր կլինի: «Լոֆթի» ընդհանուր գոտիում իրականացվող իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենալու նաև նշված ընկերու¬թյունների համապատասխան մասնագետների անմիջական մասնակցությամբ։ «Լոֆթը» միաժամանակ նաև հարթակ է հանդիսանալու նշված ընկերությունների մասնագիտական կադրային համալրման համար։

«Լոֆթ»-ում առանձնացված են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները.

Ընդհանուր գոտի (այստեղ կազմակերպվելու են հետևյալ ուղղությունների մասնագիտական և փորձի փոխանակման հանդիպումներ)․

1. Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, տեղեկատվությունը մշակելու և փոխանցելու հմտություններ,

2. Start-Up ընկերությունների բիզնես մոդելավորում,

3. Սկսնակ երիտասարդ ձեռներեցների աշխատանքի պլանավորման մեթոդիկա:

Նախատեսվում է ստեղծել հարթակ ծրագրավորողների համար, ովքեր կարող են «Լոֆթ»-ի տարածքում համատեղ աշխատանքի միջոցով նոր գաղափարներ մշակել։

Վերոնշյալ իրադարձությունները կազմակերպելու համար կան նախնական պայմանավորվածություններ ինչպես ոլորտի ընկերությունների, այնպես էլ անհատների հետ։

-Աշխատանքային գոտի (նախատեսված է սեմինարների (մարկետինգի, հանրային կապերի, գովազդի, ապրանքագիտության, առողջ ապրելակերպի, գրականության, հոգեբանության մասին դասընթացների), քննարկումների (նոր լույս տեսած գրքի, ֆիլմերի, հայկական և արտասահմանյան ժամանակակից գրականության, նոր ներկայացման կամ այլ ոլորտի պրեմիերաների մասին քննարկումներ), վարպետության դասերի (մշակութային, կրթական և այլ ոլորտների առաջատար մասնագետների ներգրավում, վերջիններիս կողմից փորձի և հմտությունների փոխանակում) համար (գոտին համալրված է տեխնիկական միջոցներով և նախատեսված է 30-40 անձի համար)։

-Բեմական տարածք (նախատեսված է երաժշտական, թատերական, հեղինակային երեկոների, շնորհանդեսների համար, համալրված է տեխնիկական հետևյալ միջոցներով՝ երաժշտական գործիքներ, աուդիո սարքավորումներ։ Բեմը նախատեսված է 7-10 կատա¬րող անձի համար)։

-Առողջ ապրելակերպի գոտի (ընդհանուր տարածքից ունի առանձնացված բնույթ։ Նախատեսված է առողջ ապրելակերպին նպաստող տարբեր միջոցառումների կազմակերպում՝ յոգայի տարբեր ձևերի դասավանդում, բուժական ցիգուն, շեյփինգ)։

-Խոհանոց (ընդհանուր տարածքից ունի առանձնացված բնույթ։ Խոհանոցի ֆունկցիոնալու¬թյունը պայմանավորված է ինքնասպասարկումով։ Խոհանոցի տարածքում նախատեսվում է անցկացնել ազգային և յուրահատուկ այլ ուտեստների պատրաստման վարպետության դասեր)։

-Խաղասենյակ (համալրված ժամանակակից (թվային) և ավանդական խաղերի (խմբակային, ինտելեկտուալ և այլ խաղեր) համար նախատեսված միջոցներով։ Ունի ընդհանուր սրահից առանձնացված բնույթ)։

«Լոֆթ»-ը գործելու է ողջ շաբաթվա ընթացքում՝ ներառյալ շաբաթ և կիրակի։

«Լոֆթ»-ի մոդելը հնարավոր է իրականացնել նաև ՀՀ այլ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում։ Այս առումով տարվում են պլանավորման նախնական աշխատանքներ, ինչպես նաև վերը նշված քաղաքների միջավայրային հատուկ ուսումնասիրություն և համապատասխան տարածքի որոնման աշխատանքներ։

Հայերեն Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026