Իրավունք

Չորս հարյուր դատապարտյալ կտեղափոխվի «Արմավիր»-ի նորաբաց քրեակատարողական հիմնարկ

3 րոպեի ընթերցում

Չորս հարյուր դատապարտյալ կտեղափոխվի «Արմավիր»-ի նորաբաց քրեակատարողական հիմնարկ

ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գերբեռնված քրեակատարողական հիմնարկներից 400 դատապարտյալ կտեղափոխվի «Արմավիր»-ի նորաբաց քրեակատարողական հիմնարկ, որի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա կուծել քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Հիմնարկի 2-3 մասնաշենքերի շահագործման հանձնելու դեպքում 2015-ի վերջին հնարավոր կլինի լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը` Արմավիր տեղափոխելով 1200 դատապարտյալ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում պրոբացիոն ծառայության ստեղծումը թույլ կտա շուրջ 25 տոկոսով կրճատել ՔԿՀ-ներում գտնվող անձանց թիվը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նոյեմբերի 29-ին մասնակցեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմանը:

Ադարադատության նախարարի խոսքով` հիմնարկն ամբողջությամբ համապաստախանում է եվրոպական չափանիշներին: Իսկ ՀՀ-ում Միացյալ Նահանգերի դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը բոլոր այն ոլորտներում, որ նրանք ցանկանան:

«Հայաստանում լավ կադրեր կան, ովքեր կարող են կատարել բարեփոխումները: Մենք տեսնում ենք, որ այդ բերափոխումներն իրականացնելու հանձնառություն կա»,-ասաց դեսպանը:

ՀՀ-ում գործում է 11 քրեակատարողական հիմնարկ, ուր գտնվում է 3 հազար 893 անձ` 2 հազար 791 դատապարտյալ և 1102 կալանավորված: Բոլոր քրեակատարողական հիմնարկները կառուցվել են խորհրդային տարիներին և շատերի շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր տարածքը 11.5 հեկտար է: Այն ամբողջությամբ բարեկարգված է, պատված 3 մետր բարձրությամբ և 2500 մետր երկարությամբ քարե պարսպով:

Հիմնարկում կգործի 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց` երկու վիրահատական և չորս հետվիրահատական սենյակներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում