Վիճակագիրներն աղքատության աճ են արձանագրել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում նկատվում է աղքատության ցուցանիշի աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ նոյեմբերի 18-ին կազմակերպել էր շնորհանդես` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» խորագրով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության դահլիճում անցկացված միջոցառման ընթացքում խոսվեց երկրում առկա աղքատության ցուցանիշի վերաբերյալ:

«Աղքատությունը Հայաստանում դեռևս 2013-ին գերազանցում էր 2008-ի մակարդակը` ըստ սպառման ցուցանիշի և սուբյեկտիվ գնահատականների: Ըստ սպառման՝ 2008 թվականին աղքատության ցուցանիշը Հայաստանում կազմել է 27, 6 տոկոս, իսկ 2013 թվականին` 32 տոկոս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհանդեսի ժամանակ նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան:

ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանն էլ հավելեց, որ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» խորագրով զեկույցը տասնհինգերորդն է:

«Տնային տնտեսությունների տվյալների տրամադրումը վկայում է հետազոտության որակի մասին: Այլ երկրների համեմատ՝ Հայաստանը բավականին հաջողակ է եղել աղքատությունը հաղթահարելու և հատկապես ծայրահեղ աղքատությունը նվազեցնելու առումով»,-նշեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցն անդրադառնում է 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխություններին: 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009 թվականին տնտեսության խոր անկումն էր 14.1 տոկոսի չափով: Հայաստանի տնտեսությունը 2010 թվականին նախորդ տարվա նկատմամբ մի փոքր աճեց, սակայն աճը կազմեց ընդամենը 2.2 տոկոս, իսկ 2011 թվականին 2010 թվականի նկատմամբ աճը կազմեց 4.7 տոկոս: Հաջորդ տարում՝ 2012 թվականին տնտեսական աճը բավականին զգալի էր՝ 7.2 տոկոսի չափով, սակայն դեռ բավարար չէր 2008 թվականի մակարդակին հասնելու համար, իսկ 2013 թվականին տնտեսության տարեկան աճը կազմեց 3.5 տոկոս: Ինչպես բացահայտում են 2013 թվականի ՏՏԿԱՀ տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008 թվականի համեմատ աճել է 4.4 տոկոսով, սակայն աճը նկատվել է սպառման միայն երրորդ, չորրորդ և հինգերորդ քվինտիլներում:

2013 թվականին արձանագրվեց նախորդ տարվա համեմատ աղքատության մակարդակի աննշան նվազում, ինչը վիճակագրորեն նշանակալի չէ: 2013 թվականին աղքատության մակարդակը կազմել է 32.0 տոկոս, որն ընդամենը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից ( 32.4 տոկոս):

2013 թվականին բնակչության գրեթե ամեն երրորդը` 32.0 տոկոսը, եղել է աղքատ, որոնցից 13.3 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.7 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Չնայած որ 2011 թվականից աղքատության մակարդակն անընդմեջ նվազել է, սակայն դրա խորությունն ու սրությունը դեռևս գերազանցում են 2008 թվականի մակարդակը: 2013 թվականին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 967 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է 402 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 82 հազար մարդ:

Աղքատությունը 2013 թվականին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (32.2 տոկոս) և գյուղական (31.7 տոկոս) բնակավայրերի: 2008-2013թթ. ժամանակահատվածում աղքատության մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում (4.6 տոկոսային կետ` 4.2 տոկոսային կետի դիմաց): Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (25.5 տոկոս), ինչը 1.5 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թվականի համեմատ աղքատության աճը 2013 թվականին Երևանում կազմել է 5.4 տոկոսային կետ, Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում`3.5 տոկոսային կետ: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63.8 տոկոս) քաղաքաբնակներ են:

Հայերեն

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են COP17-ի շրջանակում

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

Սևանի պահպանությունից մինչև միջազգային համագործակցություն․ ՇՄ նախարարը ներկայացրել է ակնկալիքները COP17-ից

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս