3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հաստատությունների և մարզային կառավարման մարմինների մոտ քառասուն բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակցել են բարեվարքության, թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ դասընթացի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ: Այն անցկացվել է նոյեմբերի 10-15-ը, Աղվերանում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը նշել է. «Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունը, հմուտ և անաչառ աշխատանքը կարևոր է արդյունավետ պետական կառավարման համար, և մենք հուսով ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն արդյունավետ և հաշվետու կառավարմանը Հայաստանում»:
Դասընթացները ներառում էին հետևյալ թեմաները՝ բարեվարքության սկզբունքները քաղաքացիական ծառայությունում, հաշվետվողականություն, էթիկայի կանոններ, շահերի բախում, հասարակայնության հետ կապերը և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական ծառայողների ներգրավվածության գործնական ուսումնասիրություններ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն էլ ասել է. «Քաղաքացիական ծառայության բարեփոխման և ծառայողների վերապատրաստման ուղղությամբ այս համագործակցությունը կարևոր է, որը կխթանի որակյալ հանրային կառավարմանն ու պետական կառավարման նկատմամբ վստահության բարձրացմանը Հայաստանում»:
Քաղաքացիական ծառայողների հավաքագրման թեստերը բարեփոխվել և ընդգրկվել են մրցութային ընթացակարգում՝ «Ամբողջականությունը հանրային ծառայության համակարգում» Հայ պետական ծառայողների միության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿ գրասենյակի համագործակցությամբ: Նախաձեռնության նպատակն է բարելավել քաղաքացիական ծառայության համակարգը, այդ թվում՝ մրցութային, մոնիտորինգի և ատեստավորման գործընթացները, ինչպես նաև բարեվարքության խթանումը պետական կառավարման համակարգում Հայաստանում:
Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանն ամփոփել է.«Մենք ունենք շարունակական համագործակցություն քաղաքացիական ծառայության ոլորտում՝ խթանելու համար բարեվարքությունը, իրազեկելու կոռուպցիոն ռիսկերի մասին և բարձրացնելու քաղծառայողների ազդեցությունը՝ մատուցելու համար որակյալ ծառայություններ պետության անունից»: