ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Է, որ Ազատության նախագահական մեդալ Է շնորհելու ավելի քան մեկուկես տասնյակ մարդկանց, որոնց թվում են՝ քաղաքական գործիչներ, գիտնականներ, դերասաններ եւ գրողներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ազատության նախագահական մեդալը հատկացվում Է ԱՄՆ-ի ղեկավարի կողմից եւ Կոնգրեսի մեդալի հետ միասին ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւն Է, որը շնորհվում Է հասարակությանը մատուցած ծառայությունների համար:
Այս տարվա դափնեկիրների թվում ընդգրկվել Է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր Մերիլ Սթրիփը, որին Օբաման անվանել Է բոլոր ժամանակների առավել նշանավոր դերասանուհիներից մեկը: Պարգեւ կստանա նաեւ երգիչ, կոմպոզիտոր եւ «Գրեմմի»-ի 25 մրցանակների դափնեկիր Սթիվի Ուանդերը:
Դափնեկիրների թվում են նշանավոր ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 83-ամյա պրոֆեսոր Միլդրեդ Դրոսելհաուզը, ինչպես նաեւ 92-ամյա նշանավոր գոլֆիստ Չառլի Սիֆորդը: Մեդալը կստանան նաեւ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Սոլոուն, դերասանուհի Մառլո Թոմասը, կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմը: Հետմահու պարգեւատրվել Է բալետի արտիստ Ալվին Էյլին, որը մահացել Է 1989 թվականին: Մյուս հայտնի դափնեկիրներն են՝ հեռուստահաղորդավար Թոմ Բրոքաուն, չիլիացի գրող Իսաբել Ալյենդեն: Ցուցակում կլինեն նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչներ Ջոն Դինգերը, որը գրեթե 60 տարի Կոնգրեսի անդամ Է, Ռոբերտ Քենեդիի այրին՝ Էթելը, հնդկացիների իրավունքների պաշտպան Սյուզան Հարջոն:
Ազատության նախագահական մեդալով պարգեւատրումը սովորաբար տեղի Է ունենում ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: