Մենք ունենք փայլուն և մրցունակ երիտասարդություն. Կարեն Ավագյանը՝ երիտասարդական տոներին ընդառաջ
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանն ունի փայլուն, մրցունակ երիտասարդություն, որը հաղթող է ճանաչվում ցանկացած միջազգային մրցույթում և բարձր է պահում մեր երկրի դրոշը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավորԿարեն Ավագյանի համոզմամբ՝ մենք պետք է հպարտանանք մեր երիտասարդներով: Առաջիկայում աշխարհում, ինչպես նաև Հայաստանում նշվում են երիտասարդական տոներ: Կարեն Ավագյանը «Արմենպրես»-ին պատմել է, թե ինչպես է իր ղեկավարած կառույցը պատրաստվում այդ իրադարձություններին:
-Պարոն Ավագյան, մոտենում են երիտասարդկան տոները՝ Երիտասարդների համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերը: Ինչպե՞ս է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պատրաստվում այդ կարևոր իրադարձություններին:
-Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծումով փաստացի նոր լիցք ու թափ ստացան բոլոր տեսակի երիտասարդական միջոցառումները, և այդ միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Երիտասարդների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 10-ին և Ուսանողության միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին: Մենք ամբողջ շաբաթ երիտասարդների համար տոնական միջոցառումներ ենք անցկացնելու: Տոնական ասելով՝ ուզում եմ հասկանանք, որ դրանք ոչ թե քեֆ-ուրախությունների տեսքով են, այլ այն միջոցառումներն են, որտեղ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են պահվելու բոլոր այն ծրագրերը, որոնք հետաքրքրում են մեր երիտասարդներին և ուսանողներին: Պատահական չէ, որ մենք նոյեմբերի 10-ին արյունատվության մեծ ակցիայով ենք սկսում մեր միջոցառումների շարքը, որովհետև գիտենք, որ մեր երկրում անվարձահատույց դոնորների կարիք կա: Մենք միջբուհական արյունատվության մեծ ակցիա ենք իրականացնելու: Դրանով նաև կոչ ենք անելու այն բոլոր երիտասարդներին, ովքեր կարող են արյուն տալ, հետագայում մասնակցել նման ակցիաների: Մենք ունենք նաև մշակութային ուղղվածության ծրագրեր: Նոյեմբերի 11-12-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի երիտասարդ ստեղծագործողների նկարների և քանդակների ցուցահանդես: Բնականաբար, համապատասխան պարգևատրումներ կլինեն, կառանձնացվեն լավագույն աշխատանքները: Նոյեմբերի 13-14-ը ԵՊՀ-ում կիրականացվի ցուցահանդես՝ հասարակական և ուսանողական կազմակերպությունների մասնակցությամբ: Այս պահին 70 կազմակերպություն հայտ է ներկայացրել՝ ցուցահանդեսին մասնակցելու համար: Ներկայացվելու է նրանց կատարած աշխատանքը: ՀՀ ՊՆ-ի հետ ծրագիր ունենք. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ժամանակակակից համակարգչային տեխնիկայով հարուստ լսարան կբացենք: Նոյեմբերի 15-ին կանցկացվի ամենամյա ֆուտբոլային խաղ՝ երիտասարդ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ղեկավարների միջև: Խաղի միջոցով առողջ ապրելակերպ ենք քարոզելու: Նոյեմբերի 17-ին բոլոր բուհերով կշրջի ավտոբուս՝ կոնսերվատորիայի ուսանողներով: Ավտոբուսը դասամիջոցներին կփորձի տոն ստեղծել՝ փոքրիկ համերգների միջոցով: Տոնական միջոցառումները կեզրափակվեն Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ ռազմահայրենասիրական և ազգային երգ-պարի հնչյունների ներքո: Մենք մտածում ենք, որ մեր երիտասարդները պետք է այդ երգերով ոգևորվեն և ոգեշնչվեն: Բացի այդ, ՀՀ վարչապետի հանձնարարականով առանձին գումար է սահմանվել սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար, և մենք կկազմակերպենք նաև այդ ծրագիրը:
-Որպես երիտասարդական կառույցի ղեկավար Դուք հաճախ եք շփվում մեր երիտասարդների հետ: Ինչպիսի՞ հատկանիշներով են օժտված այսօրվա երիտասարդները:
-Հայ երիտասարդները շատ տարբեր են: Մենք ունենք փայլուն, մրցունակ երիտասարդություն: Կարելի է ուրախությամբ փաստել, որ մեր երիտասարդները կարողանում են ցանկացած միջազգային, համաշխարհային մրցույթներում հաղթող ճանաչվել: Մենք ունենք երիտասարդներ, ովքեր բարձր են պահում հայկական դրոշը ցանկացած բնագավառում: Եվ մենք հպարտանում ենք այդ երիտասարդներով: Ունենք երիտասարդներ, որոնք փորձում են իրենց հասարակական աշխատանքով ինչ-որ բան տեղից շարժել: Նշեմ, որ հասարակական աշխատանքն այնքան էլ արմատավորված չէ մեր երիտասարդների մեջ: Չնայած մենք կամավորների մեծ բանակ ունենք: Այսօրվա երիտասարդն իր ապրելակերպով, նիստուկացով ավելի շահեկան վիճակում է, որովհետև այս տարիների ընթացքում շատ խնդիրներ են լուծվել՝ իրականացվել են բնակարանաշինության, երիտասարդ ընտանիքների համար, ուսման վարձերի փոխհատուցման և այլ ծրագրեր: Երիտասարդության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է առկա: Միևնույն ժամանակ առկա են խնդիրներ՝ օրինակ՝ աշխատատեղերի հետ կապված, որոնք լուծվում են: Երիտասարդն, ամեն դեպքում, աշխատանք է գտնում: Շատ մասնագիտությունների կարիք այսօր ունենք, օրինակ՝ գյուղատնտեսության բնագավառում, և շատ փոփոխություններ եղան կրթական համակարգում, որպեսզի բացերը լրացվեն: Շատ մասնագիտություններ էլ անհրաժեշտ չեն, բայց երիտասարդները դիմում են և հետո փորձում աշխատեղ գտնել: Նշանակում է՝ դեռ շատ գործ ունենք անելու: Բայց բավականաչափ աշխատանք է արվում:
-Ինչպես նշվեց, ՀԵՀ-ն ակտիվ գործոււնեություն է ծավալում, բազմաթիվ աշխատանքներ է կատարում: Որքանո՞վ է հաջողվել լուծել տարբեր խնդիրներ: Ի՞նչ գնահատական կտաք կատարած աշխատանքին:
-Մի կառույցը չի կարող լուծել բոլոր խնդիրները, բայց մենք կարողանում ենք բարձրաձայնել բոլոր մտահոգությունները: Մենք կարողանում ենք երիտասարդների համար միջավայր ստեղծել, որտեղ նրանք հնարավորություն ունեն դրևսորվել, ակտիվանալ: ՀԵՀ-ի կարևորագույն ձեռքբերումն է, որ բոլոր ուղղություններով մենք նման միջավայր ունենք: Երիտասարդները մեզ հավատում են, վստահում, և մեր կողքին են:
Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի