Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միության կազմում ԵԱԶԲ-ն Հայաստանին ֆինանսավորելու նոր ուղիներ կգտնի

3 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության կազմում ԵԱԶԲ-ն Հայաստանին ֆինանսավորելու նոր ուղիներ կգտնի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկը շարունակելու է աշխատել հայաստանյան կոմերցիոն բանկերի հետ, հետաքրքրված է հանքարդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը: «Կլինի նաև առևտրային ֆինանսավորում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմաններում: Հայաստանի համար ստեղծվում են մեծ հեռանկարները, քանի որ ԵՏՄ շուկան բավականաչափ մեծ է: Հայաստանն այնտեղ կարող է հաջող ձևով դրսևորվել` հաշվի առնելով նաև ԵՏՄ-ի անդամ երկրներում հայկական սփյուռքի գործոնը: Ես կարծում եմ, որ պոտենցիալ կա բիզեսի զարգացման համար` թե Հայաստանի ներսում, թե երկրից դուրս»,-ասաց նա:

ԵԱԶԲ-ն Արմանիսի ոսկու-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Սագամար» ընկերությանը տրամադրեց 11 միլիոն դոլար վարկ, որն ուղղված կլինի գործարանի արտադրական հնարավորությունները զարգացնելուն: Հարցին ի պատասխան, թե ինչու որոշեցին ֆինանսավորել հենց այդ ընկերությանը, Սերգեյ Իգնատովը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում այն ամենաժամանակակից ընկերություններից մեկն է Հայաստանում: «Բավականին ուսումնասիրել ենք ընկերության ֆինանսական մոդելները, մյուս ցուցանիշները: Բացի այդ` այն Հայաստանում առաջին անգամ կիրառում է թափոնների վերամշակման մեթոդը, որը էկոլոգիապես անվտանգ է, ինչը մեզ համար ևս շատ կարևոր է: Այն ունի զարգացման պոտենցիալ, ոչ մեծ ներդրումների դեպքում ընկերությունը հնարավորություն ունի էականորեն մեծացնել վերամշակման ծավալները»,-ասաց ԵԱԶԲ ներկայացուցիչը` հավելելով, որ լավ արդյունքների դեպքում իրենք պատրաստ են կրկին համագործակցել թե ներկայիս հանքավայրի շահագործման, թե այլ հանքերի ծրագրերի դեպքում:

Սերգեյ Իգնատովի խոսքով` հայկական հողը հարուստ է պինդ օգտակար հանածոներով` մոլիբդեն, ոսկի, ցինկ, պղինձ, և Հայաստանը պետք է օգտագործի իր այդ պոտենցիալը: «Իմ կարծիքով, Հայաստանը պետք է օգտագործի այդ ռեսուրսներն իր տնտեսության զարգացման համար»,-ավելացրեց նա:

Բանկը Հայաստանում է 2009 թվականից է գործում, այստեղ իրականացրել է մոտ 100 փոքր ու միջին ձեռնարկության վարկային ֆինանսավորման ծրագիր տեղական կոմերցիոն բանկերի միջոցով: 2010 թվականին էլ ուղղակիորեն ֆինանսավորում է հատկացվել 30 միլիոն դոլարի չափով, որպեսզի գնվի հացահատիկ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում