Հայաստան

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

5 րոպեի ընթերցում

Բժշկական զբոսաշրջության միջազգային եռօրյա համաժողովի բացումը
Բժշկական զբոսաշրջության միջազգային եռօրյա համաժողովի բացումը

Բժշկական տուրիզմը զբոսաշրջության ոլորտի ամենաարագ աճող ուղղություններից մեկն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ընթացող բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովի ընթացքում ասաց ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը։

«Բժշկական տուրիզմը մեր ոլորտի ամենաարագ աճող հատվածներից մեկն է։ Հիվանդներն այլևս միայն բուժում չեն փնտրում․ նրանք դառնում են հյուրեր, և հանգստավայրերը պետք է համապատասխանաբար արձագանքեն։ Հայաստանում երեք հիվանդանոց արդեն ունի JCI հավաստագիր, ինչը հնարավորություն է տալիս միջազգային բժշկական ապահովագրություն ունեցող հիվանդներին բուժում ստանալ Հայաստանում»,- ասաց Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ բժշկական զբոսաշրջությունն այսօր արագ զարգացող ուղղություններից է, որը միավորում է առողջապահությունը, զբոսաշրջությունը և տնտեսությունը։

 «Տարեցտարի աճում է այն մարդկանց թիվը, ովքեր բժշկական ծառայություններ ստանալու նպատակով մեկնում են այլ երկրներ՝ ընտրելով որակյալ մասնագետների, ժամանակակից տեխնոլոգիաների և բարձրակարգ սպասարկման հնարավորությունը։ Հայաստանում առողջարանային և բժշկական զբոսաշրջության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն։ Մեր երկիրն ունի ոլորտի համար անհրաժեշտ մի շարք նախադրյալներ՝ բարձր որակավորում ունեցող բժշկական մասնագետներ, ժամանակակից սարքավորումներ, հարուստ մշակութային և զբոսաշրջային ներուժ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ առկա ներուժը լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխան վստահելի և մրցունակ համակարգ։ «Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու ոլորտի զարգացման հնարավորություններն ու առկա մարտահրավերները, փոխանակվելու միջազգային փորձով։ Ես համարում եմ, որ բժշկական զբոսաշրջության զարգացումը կարող է ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ»,- նշեց Պապոյանը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ունի առողջապահական ծառայությունների մատուցման իր պայմանները, սակայն առողջապահական կարիքների առաջացման դեպքում մարդկանց համար տարբեր երկրներ ճամփորդելը և առողջապահական ծառայություններից օգտվելը դարձել է ավելի հեշտ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը առողջապահական համակարգի զարգացման ընթացքում փորձում է նպաստել, որպեսզի երկրում մատուցվող ծառայությունները լինեն որակյալ և մատչելի։ «Այսօր Հայաստանը ներդնում է առողջության համընդհանուր ապահովագրությունը, և առաջիկա 3-4 տարիների ընթացքում մենք պատրաստվում ենք ողջ բնակչության համար ներդնել ապահովագրություն՝ անկախ սոցիալական կարգավիճակից, որպեսզի մարդիկ ստանան որակյալ և հասանելի ծառայություններ»,- ասաց Խարազյանը։

Նա կարևորեց նաև բժիշկների լիցենզավորման գործընթացը՝ նշելով, որ այն առողջապահական համակարգում վստահության ձևավորման կարևոր գործիք է։ «Բժիշկների լիցենզավորման գործընթացը շատ կարևոր գործիք է համակարգում և բժիշկների հանդեպ վստահության ձևավորման համար, ինչը մարդկանց ստիպում է անցնել սահմաններ և առողջապահական ծառայություններ ստանալ իրենց սահմաններից դուրս։ Հենց այդ պատճառով է, որ Առողջապահության նախարարությունը շեշտադրում է լիցենզավորման գործընթացը»,- նշեց նախարարի տեղակալը։

Երևանում սեպտեմբերի 21-23-ը անցկացվում է «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը։ Այն կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում համախմբել էր առողջապահության, զբոսաշրջության, հյուրընկալության և նորարարությունների ոլորտների միջազգային ու տեղական առաջատար ներկայացուցիչներին՝ խթանելով մասնագիտական երկխոսությունն ու համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում