Մշակույթ

Օպերային թատրոնի արիստները Տավուշի զորամասերում ոգևորել են հայ զինվորներին

2 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնի արիստները Տավուշի զորամասերում ոգևորել են հայ զինվորներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 43 մեներգիչներ և սիմֆոնիկ նվագախմբի արտիստներ ելույթներով հանդես են եկել Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերում: Գաղափարն իրագործվել է օպերային թատրոնի տնօրինության և կառույցի ադմինիստրատոր Տիգրան Դավթյանի նախաձեռնությամբ: Իրականացմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և օպերային թատրոնի աջակցման հիմնադրամը: Համերգները ղեկավարել է օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ադմինիստրատոր Տիգրան Դավթյանը նշեց, որ թատրոնի խումբը հոկտեմբերի 15-17-ը ելույթներով հանդես է եկել Տավուշի մարզի չորս զորամասում:

«Օպերային թատրոնի տնօրինության և ընկերներիս նախաձեռնությամբ մեր խմբով, որն այսուհետ կկոչեմ «Տիգրան Դավթյան և ընկերներ», այցելել ենք Տավուշի մարզի սահմանամերձ զորամասեր: Նման ծրագիր իրականացնելու գաղափարը ծնվեց այս տարվա գարնանը, երբ գնդակոծվեց Մովսես գյուղը: Մտածեցինք , որ պետք է ելույթ ունենանք և ոգևորենք հայ զինվորին և տեղի բնակչությանը»,-նշեց Դավթյանը:

Թատրոնի ադմինիստրատորի խոսքով՝ իրենք զորամասերում Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ներկայացրել են օպերային կատարումներ, հնչել է դասական երաժշտություն:

«Բոլոր զորամասերում մեր ելույթները հրաշալի ընդունվեցին. սահմանամերձ տարածքներում լավ ակումբներ կան, որտեղ շատ լավ ելույթներ ունեցանք: Սա մի ծրագիր էր, որի շնորհիվ օպերային թատրոնի արտիստը տեսնում է զինվորի և բանակի կայացումը: Հպարտ եմ, որ մեր համերգներն իրականություն դարձան»,-նշեց Տիգրան Դավթյանը:

Նախագիծը կունենա շարունակական բնույթ, և օպերային թատրոնի արտիստները համերգներով հանդես կգան նաև այլ սահմանամերձ գոտիների զորամասերում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում