ԵՐԵՎԱՆ, 20ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ պարուհի և երգչուհի Վարդային (Վարդանուշ Մարտիրոսյան) շատերն են ճանաչում: Չնայած բավական երիտասարդ տարիքին` նա հասել է մեծ հաջողությունների՝ դարձել փոլ-դենսի աշխարհի չեմպիոն: Նա, պրոֆեսիոնալ պարուհի, մի շարք երգերի ու տեսահոլովակների հեղինակ լինելուց բացի՝ զբաղվում է նաև յուրահատուկ և ոճային լողազգեստների դիզայնով: Վարդան ծնվել և մեծացել է Ուկրաինայում, սակայն դա նրան չի խանգարում հիշել իր հայկական արմատների մասին, ինչպես նաև պարբերաբար Հայաստան այցելել:Այս անգամ երգչուհին հոկտեմբերի 16-19-ը գործնական այցով Հայաստանում էր: Չնայած կարճ ժամանակահատվածին՝ երգչուհին հասցրել է Միհրան Ծառուկյանի հետ դուետով հանդես գալ և նկարահանել տեսահոլովակ, նկարահանվել գովազդում և դառնալ հայկական «Մանե» կոնյակի նոր դեմքը, ինչպես նաև առաջին անգամ հանդիպել հայաստանյան երկրպագուների հետ և հարցազրզրույց տալ «Արմենպրես»-ին:
-Վարդա, կպատմե՞ք, թե ինչպես եք անցկացրել ժամանակը Երևանում: Արդյոք կարողացե՞լ եք ժամանակ հատկացնել հանգստին ու ընկերների հետ հանդիպմանը:
-Այս երեք օրն այնքան հագեցած ու զբաղված են եղել, որ անգամ քնելու ժամանակ չեմ ունեցել, ուր մնաց՝ հանգստի: Տեսահոլովակ, գովազդային հոլովակի նկարահանում. մեկ օրվա ընթացքում անհրաժեշտություն էր առաջանում մի քանի անգամ կերպարանափոխվել, վազել մի նկարահանման հրապարակից մյուսը: Չնայած այս հագեցած ժամանակացույցին՝ հասցրել եմ անել այն ամենը, ինչի համար Հայաստան եմ եկել:
-Ու՞մ մտահաղացումն էր«Люби меня всегда» երգով համատեղ հանդես գալը:
-Որոշումը կայացրել ենք միասին: Ես և Միհրան Ծառուկյանը ծանոթացել ենք ֆիլմի նկարահանումների ժամանակ, բացի այդ ես ծանոթ եմ նաև Մոսկվայում Միհրանի պրոդյուսերի հետ, ով էլ մեզ առաջարկեց համատեղ տեսահոլովակ նկարահանել: Երկար ժամանակ մտածում էինք, թե երբ և որտեղ ենք անցկացնելու նկարահանումները և ահա որոշեցինք, որ ես պետք է գամ Երևան:
-Հաջողակ երգչուհի և պարուհի լինելուց բացի, Դուք նաև լողազգեստների դիզայնով եք զբաղվում: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
-Գաղափարը վաղուց է ծնվել: Մայրս մասնագիտությամբ դերձակ է, և ես դեռ մանկուց էի երազում ինքս պատրաստել իմ հագուստները: Սկզբում լողազգեստները հանրությանը չէի ներկայացնում, սակայն երբ հարցնում էին, թե ինչ ապրանքանիշի լողազգեստ եմ կրում և լսում, որDolce & Gabbana-ի փոխարեն կրում եմ իմ ապրանքանիշը, զարմանում, բայց և շատ հետաքրքրվում էին: Այստեղից էլ որոշեցի հասարակությանը ներկայացնել իմ հավաքածուն:
Տեղեկացնեմ, որ մոտ ապագայում հայ հասարակությունը ևս հնարավորություն կունենա գնելու«Varda tm» ապրանքանիշի լողազգեստները: Բացի այդ, առաջարկներ կան փոքրիկ խանութ բացել նաև Փարիզում:
- Վարդա, արդյոք հնարավո՞ր է համատեղել այս ամենը:
- Երբ սկսեցի զբաղվել լողազգեստների դիզայնով, որոշ ժամանակ թողեցի բեմն ու երգարվեստը: Դա, իհարկե, շատ դժվար էր ինձ համար: Սակայն այժմ իմ կողքին կան այնպիսի մասնագետներ, ովքեր օգնում են բոլոր հարցերում և ում շնորհիվ ես հասցնում եմ ամեն ինչ:
- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում այս կյանքում: Ինչպե՞ս են ծնվում Ձեր նոր աշխատանքները:
- Ես կարծում եմ, որ այս կյանքում ամեն ինչ ծնվում է սիրուց: Իմ ոգեշնչման աղբյուրը սերն է:
- Ունե՞ք որևէ երազանք:
- Կյանքում գալիս է մի պահ, երբ ցանկանում ես հաստատվել ոչ միայն որպես հաջողակ և լավ մասնագետ, այլ նաև սիրված մայր և կին լինել: Երևի թե դա իմ միակ երազանքն է:
- Տաղանդավոր, հաջողակ, անչափ գեղեցիկ ու հմայիչ՝ ցանկացած տղամարդ այսպիսի կին կցանկանար տեսնել իր կողքին: Արդյոք ազա՞տ է Վարդայի սիրտը:
- Ի ուրախություն մի շարք երիտասարդների՝ այն դեռ ազատ է:
-Այդ դեպքում ո՞վ կարող է գերել Ձեր սիրտը:
- Տղամարդուն, իմ սիրտը գերելու համար, շատ բան ահնրաժեշտ չէ: Իմ ընտրյալը պետք է լինի բարձրահասակ, հայ տղամարդկանց պես հումորասեր և, վերջապես, ուղղակի լավ մարդ: